Կամավորները կմասնակցեն անհետ կորած Արթուրի որոնողական աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 10:00-ին, Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տարբեր խմբեր դուրս են գալու Վանաձորում և Վանաձորի հարակից անտառային տարածքներում 06.11.18 թվականին անհայտ կորած Վանաձորի բնակիչ՝ 2006թ. ծնված Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները կատարելու նպատակով: Այդ մասին նշված է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի Ֆեյսբուքի էջում:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել 12-ամյա Արթուրի որոնողական աշխատանքներին, կարող են 09։30-ին հավաքվել Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի դիմաց:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., տառապում է աուտիզմով) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության ՄՎ աշխատակիցներ և կորած քաղաքացու հարազատներ: