ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News        

ԱՄՆ

ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր: ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի աջակցում բանակի միջոցով հուզումները ճնշելու նախագահի հայտարարությանը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շարունակվեցին զանգվածային բողոքի ցույցերը, որոնց տասնյակ հազարավոր մասնակիցներ, սակայն, խախտում էին պարետային ժամը: Անտեսելով նաև կորոնավիրուսի սպառնալիքը՝ նրանք իրենց բողոքն էին հնչեցնում ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ:

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր գործի դնել մի օրենք, որը նրան թույլ կտա, առանց նահանգապետերի համաձայնության, օգտագործել գործող բանակային ուժերը՝ բողոքի ակցիաները դադարեցնելու համար:

Հակառակ նախագահի հայտարարությանը, պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասել է, որ ակտիվ բանակային ուժերը պետք է օգտագործվեն միայն առավել հրատապ և ծանր իրավիճակներում:

«Մենք այժմ այդ իրավիճակում չենք գտնվում: Ես չեմ պաշտպանում «Ապստամբության մասին» օրենքի կիրառումը»,- ասել է Մարկ Էսպերը:

Չորեքշաբթի առավոտյան Էսպերը հրամայեց 200 զինծառայողներին վերադառնալ իրենց ռազմակայան Վաշինգտոնում անցկացվող երկօրյա խաղաղ ցույցերից հետո, բայց կտրուկ փոխեց իր որոշումը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից ժամեր անց:

Էսպերը նաև իրեն հեռու պահեց նախագահ Թրամփի կողմից Սպիտակ տան մոտ գտնվող եկեղեցի այցելելու քայլից, ուր նախագահը լուսանկարվել էր Աստվածաշունչը ձեռքին, այն բանից հետո, երբ ոստիկանությունը ուժով ցրեց ցուցարարներին՝ ձայնային նռնակների և հատուկ միջոցների կիրառմամբ: Այս զարգացումներն ընդհանուր առմամբ վնասել են Թրամփի վարկանիշը:

«Մենք ականատես ենք սոցիալական ինտենսիվ հուզումների, որոնք չեն տեսել 1960-ականներից ի վեր: Սա լավ մթնոլորտ չէ նախագահի համար վերընտրվելու հարցում: Այսպիսով, նա ստիպված է լինելու շատ ավելին անել՝ առաջատարի դիրքերը վերադարձնելու համար, քանի որ այսօրվա դրությամբ նա առջևում չէ»,- ասում է Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Լարի Սաբաթոն:

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ֆլոյդը մահացել էր, քանի որ ոստիկանն ավելի քան 8 րոպե իր ծնկով սեղմած էր պահել նրա պարանոցը:

ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման դատապարտել են տեղի ունեցածը, իսկ բողոքի ցույցերը թիրախավորել են ռասայական խտրականության խնդիրը:

«Դա կապված է բնակելի պայմանների, զբաղվածության, հանրակրթական դպրոցների ու բանտային պայմանների հետ: Այնպես որ, խոսքը միայն դատավճիռների կամ ոստիկանական բռնությունների մասին չէ: Այսքան շատ մարդ է դուրս եկել փողոց, քանի որ միլիոնավոր ամերիկացիներ առերեսվում են համակարգային լուրջ խնդիների հետ, որոնք սխալ են ու անկատար»,- ասում է Թեքսասի համալսարանից Փենիել Ջոզեֆը:

Մինեսոտայի ոստիկանության սպա Դերեկ Շովինին ուղղված մեղադրանքը վերաձևակերպվել է երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքի, որը որակվում է որպես դիտավորյալ սպանություն առանց կանխամտածվածության: Նրան սպառնում է այժմ մինչև 40 տարվա ազատազրկում: Դեպքի վայրում գտնվող ոստիկանության արդեն նախկին երեք սպաներին ևս մեղադրանք է առաջադրվել սպանությանը օժանդակելու և դրան նպաստելու մեջ: