«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News         

գլորիա

Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել (կորոնավիրուսի հետեւանքով մարզում մահացել է 1 մարդ):

Մարզպետը տեղեկացրեց, որ ավելացել է նաեւ «Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվը. «54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»:

Լոռու մարզպետարանում այսօր առավոտյան մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել քաղաքային համայնքների ղեկավարների հետ: Ներկայացնելով համավարակի տարածման հետ կապված մարզում ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ Ղուկասյանը հորդորել է հետեւողականությամբ իրականացնել պարետի ցուցումով սահմանված գործողությունները, վերահսկել հատկապես հոգեհանգստի եւ թաղման արարողությունների կազմակերպումը: Մարզպետը համայնքապետներին հանձնարարել է համայնքապետարանների աշխատակիցների շրջայցեր կազմակերպել՝ մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով:

Նախօրեին էլ մարզպետը շրջայց էր կատարել Վանաձորում: Մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ անակնկալ շրջայցերը մարզի տարբեր համայնքներում կրելու են շարունակական բնույթ:

Ինչ վերաբերում է «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով սահմանափակելուն, Անդրեյ Ղուկասյանն ասաց. «Արտադրամասում քանի որ բոլորն արդեն կոնտակտավորներ են, այսպես, թե այնպես պետք է 14 օր ինքնամեկուսանան, հետեւաբար «Գլորիա» արտադրամասի աշխատանքները այսպես, թե այնպես հնարավոր չի լինի կազմակերպել առաջիկա 2 շաբաթների ընթացքում»: --0—ՄՀ

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։