Այն ինչ կատարվում է Հայաստանում, մեր ներքին խնդիրն է և մենք կլուծենք այդ խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News       

Ղազինյան

  

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմում եմ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ և ԵՄ անդամ պետությունների, Չինաստանի, ինչպես նաև Հայաստանի բարեկամ բոլոր պետությունների մեր գործընկերներին։

Վերջին 2 տարիներին ձեր բարեկամ և մեր Հայրենիք Հայաստանում տեղի են ունենում ձեր համար անհասկանալի գործընթացներ և խիստ տարօրինակ իրադարձություններ։

Լինելով Հայաստանին և Հայ ժողովրդին բարեկամ ձեզ մոտ ձևավորվել է որոշակի տարակուսանք և անհանգստություն Հայաստանի միջազգային վարկանիշի, վստահելիության, կանխատեսելիության և լրջության վերաբերյալ, ինչը լիովին հասկանալի է Հայաստանում վերջին 2 տարիներին տեղի ունեցող իրադարձություննների ֆոնին։

Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ տեղի ունեցողը խիստ ժամանակավոր երևույթ է, որի միջով անցել են շատ ժողովուրդներ՝ ուժեղ պետականություն և քաղաքական ազգ ձևավորելու ճանապարհին։

Հայ ժողովուրդը պատմականորեն եղել և մնում է քաղաքակրթածին ազգ, որին վիճակված է եղել հաղթահարել առաջին հայացքից անհաղթահարելի դժվարություններ, վերապրել ահարկու աղետներ, պատերազմներ և ցեղասպանություններ։

Հորդորում եմ ձեզ շարունակել Հայաստանին և Հայ ժողովրդին վերաբերվել որպես վստահելի և սոլիդ գործընկերոջ, ում վրա դժվար պահին կարելի է հույս դնել, հենվել՝ վստահ լինելով աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների հետևողական և անկասելի պահպանման ու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ կատարման մեջ։

Այն ինչ կատարվում է Հայաստանում, դա մեր ներքին խնդիրն է և ՄԵՆՔ կլուծենք այդ խնդիրները ինքնուրույն, իսկ հարկ եղած դեպքում կդիմենք օգնության և օժանդակության խնդրանքով։

Ընդունեք այս ամենը որպես օրինաչափությունից բնական շեղում և վստահ եղեք, որ ներքաղաքական օրգանիկան շատ շուտ կվերականգնվի, իսկ Հայ ժողովուրդը կգտնի իր մեջ ուժ վերահաստատելու իր դերը, նշանակությունն ու կարևորությունը տարածաշրջանային և միջազգային քաղաքակրթությունների ձևավորման և էվոլյուցիայի մեջ։

Հ.Գ. Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել և չուրախանալ Հայաստանում տեղի ունեցողի առիթով, քանզի Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն կհանդիպի նույն համազգային դիմադրության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։ --0—ՄՀ