Վարչապետը պահանջել է կոշտ գտնվել ոստիկանների պահանջն արհամարհող քաղաքացիների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

հասարակական

«Վարչապետը պահանջել է կոշտ գտնվել ոստիկանների պահանջն արհամարհող քաղաքացիների նկատմամբ»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։ Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է նախ հորդորել պահպանել կանոնները, իսկ ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարանքի դեպքում նաև կիրառել համաչափ ուժ։

Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ։ Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։

Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին», - ասված է գրառման մեջ:

--0-- ՍՊ