ՊՆ բեռնատարի վթարից զոհվածների հիշատակին Անթիլիասում հոգեհանգստի կարգ կկատարվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում նոյեմբերի 11-ին հոգեհանգստի կարգ կկատարվի՝ ի հիշատակ նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի)  ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհված զինծառայողների: Այս մասին ֆեյսբուքյան  էջում հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամ, տեղեկատվական գրասենյակի վարիչ-պատասխանատու Հայր Պետրոս վարդապետ Մանուէլյանը։

Նա նաև նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մեծ ցավով է իմացել Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի վթարի մասին: «Հայրապետն աղոթում է զոհված չորս երիտասարդ հայ զինվորների հոգիների համար և այս տխուր առիթով իր օրհնությունն ու ցավակցություններն է փոխանցում հայկական քաջ բանակին ու նահատակ զինվորների ընտանիքներին: Նորին Սրբությունը միաժամանակ շուտափույթ ապաքինում է մաղթում պատահարի հետևանքով վիրավորված զինծառայողներին»,- հայտնել է Պետրոս Մանուելյանը:

Հիշեցնենք, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Բեռնատարում 21 զինծառայող է եղել, որից 19-ը՝ թափքում: 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8 զինծառայող ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, 4 զինծառայող զոհվել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն: