ԱՄՆ ավիաընկերությունների շրջանում խոշոր կրճատումներ են տեղի ունենում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News   

ԱՄՆ

   

Չնայած ԱՄՆ-ի որոշ ավիաընկերություններ ստացել են հսկայական օգնություն խրախուսման փաթեթից՝ դրանք պլանավորում են կրճատել անձնակազմը, որպեսզի հաղթահարեն կորոնավիրուսային արգելափակումների արդյունքում ստեղծված զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը։ Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

American և United Airlines ընկերությունները ծրագրում են 30 տոկոսով կրճատել աշխատողներին և ղեկավար կազմին: Delta Air Lines ընկերությունը նույնպես միջոցներ է ձեռնարկում՝ ծախսերը կրճատելու համար:

Այս զարգացումները սպասելի էին, գտնում են փորձագետները: Ըստ Բրուքինգսի համալսարանի վերլուծաբան Քլիֆ Վինսթոնի, այս կրճատումները արդյունք են ավիաընկերությունների ծառայության պահանջարկի կրճատման, որը գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով:

Սինգապուրի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Վոլոդիմիր Բիլոտկաչն էլ ընդգծում է, որ 30 տոկոսը մեծ կրճատում է, սակայն նշում, որ վերջին տարիներին աշխատողների թիվն այս ոլորտում ավելի արագ էր աճում, քան ուղևորների թիվը: Ըստ նրա, վերջին 25 տարում ամերիկյան ավիաընկերությունների աշխատակիցների թիվն աճել է 25 տոկոսով, իսկ ուղևորներինը ՝ ընդամենը 15 տոկոսով:

Ամերիկյան կառավարության խրախուսման փաթեթը նախատեսում է օժանդակություն խոշոր ավիաընկերություններին, ըստ որի American Airlines ընկերությանը կտրամադրվի 5.8 միլիարդ դոլար՝ դրամաշնորհների և ցածր տոկոսադրույքերով վարկերի տեսքով, United Airlines-ին՝ մոտ $5 միլիարդ, Delta Air Lines-ին՝ $5.4 միլիարդ, իսկ Southwest ավիաընկերությանը՝ $3.3 միլիարդ:

Իր հայտարարության մեջ American Airlines-ն ընդգծել է, որ պետական աջակցությունը օգնել է ընկերությանը նվազեցնել իր կառուցվածքային ծախսերը, քանի որ ընկերությունն առերեսվում է թռիչքների զգալի նվազման հետ: Դա հանգեցնում է անձնակազմի կրճատման պարտադրված քայլին:

Ավիընկերությունները վերապրում են դժվարին օրեր ոչ միայն ԱՄՆ-ում, այլև գրեթե ողջ աշխարհում: Շուրջ 15 հազար ուղևորափոխադրող ինքնաթիռներ դադարեցրել են թռիչքները պահանջարկի նվազեցման արդյունքում և վերածվել բեռնափոխադրող ինքնաթիռների: Ըստ Եթովպիական ավիաուղիներ ընկերության ներկայացուցիչ Ռեկիկ Ցեգեյիի, ընկերությունը շուրջ 20 ուղևորափոխադրող ինքնաթիռներ վերածել է բեռնատար օդանավերի:

Հունվար-ապրիլ ամիսներին Եթովպիական ավիաուղիներ ավիաընկերությունը գրանցել է 550 միլիոն դոլարի կորուստ, բայց ընկերության ղեկավարությունը լավատես է, քանի որ ամառվա ամիսներին ակնկալում է ուղևորափոխադրումների ծավալի շուրջ 50 տոկոսի վերականգնում: Մարդիկ Եվրոպայում և ԱՄՆ-ում հոգնել են փակված վիճակից, և դա կարող է նպաստել վերականգման գործընթացին, գտնում է ընկերության գլխավոր տնօրենը:

Կրճատումներ են իրականացնում նաև այսպես կոչված ցածր բյուջետային ավիաընկերությունները, որոնց թվում է բրիտանական EasyJet-ը: Այն կկրճատի իր 15 հազարանոց անձնակազմի շուրջ մեկ երրորդը:

Մի շարք ավիաընկերություններ այս ընթացքում հայտարարեցին իրենց սննկացման մասին, որոնց թվում են South Africa Airways, Virgin Australia, ինչպես նաև լատինաամերիկյան խոշոր Latam և Avianca ընկերությունները: Սակայն ըստ փորձագետների, սա այդ ընկերությունների վերջը չէ, և դեռ կա հնարավորություն վերականգնվելու այս ճգնաժամից: Ըստ փորձագետների, այսպիսով այս ընկերությունները ժամանակ են շահում՝ վերակառուցման և ֆինասների վերաբաշխման համար: Դա կօգնի իրենց ժամանակավորապես հետաձգել պարտքերի ու պարտավորությունների մարումը:

Ըստ փորձագետների, կորոնավիրուսի հատուկ դրության մեղմացումից կամ վերացումից հետո ավիաընկերությունների վերականգնումը զգալիորեն կախված է լինելու ուղևորների վստահությունից, որ թռիչքներն անվտանգ են հիվանդանալու տեսանկյունից:   --0—ՄՀ