Նիկոլն էլ նախկինը չէ, կորցրել է հոտառությունը, սրությունը, կրեատիվությունը. նախկին նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

արփինե

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը «Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:

«Ցանկացած երևույթ սովորաբար անցնում է զարգացման հինգ փուլ` ծագում, պրոգրեսիվ զարգացում, ստագնացիա /լճացում/, ռեգրեսիվ զարգացում և անկում: Մի քանի օր է` ստանալով պարբերական տրամվատիկ շոկեր հետևում եմ իմքայլական տղաների և աղջիների մտքի արտանետումներին` ջանալով գեթ մի փոքր ադեկվատություն գտնել նրանց ասածներում… բայց ավաղ…

Զարգացման փուլերից բաց թողելով հատկապես պրոգրեսիվ զարգացման ընթացքը, նրանք կանգ են առել ու լճացել… Անգամ «հեղափոխությունն» է թևակոխել ռեգրեսիվ զարգացման ու անկման փուլ, բայց սրանք ստագնացիայի վրա կանգ են առել, ու նմանատիպ տեքստեր է, որ տաևրածում են:

Մի գլխավոր միտք կա սրանց ուղեղում` ով իրենց դեմ է խոսում` նախկին է, վատն է, թալանչի է: Նրանք երկու տարի առաջ էլ էին նույնն ասում, հիմա էլ: Դե քանի որ ո՛չ իրենց ո՛չ էլ իրենց ղեկավարի ուղեղը այլ` ավելի հետաքրքրիր, քաղաքական, նոր, ադեկվատ մտքեր գեներացնելու ունակ չէ: Բայց ժամանակը շատ բան է փոխել, ու մասնավորապես` զրկել է նրանց մի շարք բաների մասին խոսելու իրավունքից:

Դուք բարոյականությունից խոսելու իրավունք չունեք` դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, դուք կոտրել եք բոլոր տաբուները, որոնք նախամարդուն մարդ դարձրին, որոնք նախապետությունը ու նախահասարկությունը դարձրին ժամանակակից հասարակություն: Դուք մարդկանց նկարներ եք տարածում` անամոթաբար, առանց որևէ բան հաշվի առնելու, դուք մարդկանց անվան հետ եք խաղում առանց վայրկյան անգամ մտածելու: ՈՒՐԵՄՆ ԼՌԵՔ ՈՒ «ՎԱՅԵԼԵՔ» Դուք միասնականությունից խոսելու իրավունք չունեք` առաջինը դուք եք բաժանել, բևեռացրել, ատելություն շնչող ու տարածող խմբեր գեներացրել, քաղաքական դաշտը դարձրել մարտի դաշտ, որտեղ ով ձեզ չի ընտրել կամ տեսել է ձեր քաղաքական անկարողությունը դավաճան է, ծախված ու էլի նման զզվելի բաներ: Էդ հիմա ի՞նչու եք որոշել հիշել դժվար պահին միավորվելու մասին:

Դուք քաղաքական դաշտ ախտահարելու ու քաղաքական համակարգի որակի մասին խոսելու իրավունք չունեք, դուք առհասարակ ոչնչացրել են նորմալ քաղաքական բանավեճը: Ձերը` սև լենտերը, վնգստալը, լափամանն է:

Դուք վստահությունից մի խոսեք: Դուք այնքան եք ստել, այնքան արժեքների վրայով եք անցել, դուք անգամ Արցախի հերոսի կեղծ պապ օպերացիա եք բեմադրել, որ հիմա նեղվել, թե բա չեն հավատում, որ «առաջնորդը» հիվանդ է իրավունք չունեք: Ուղղակի չունեք:
Դուք կոռուպցիայի դեմ պայքարից խոսելու իրավունք չունեք: Հօդս ցնդեց այն միֆը, որ դուք չնայած անգրագետ եք, բայց ազնիվ անգրագետ եք: Պարզվեց՝ դուք նաև ազնիվ չեք: Ձեր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալները այլևս այնքան շատ են, որ ես մտածում եմ, լավ էլ արեցիք էն ձեր սիրած ապօրինի բռնագանձման օրենքը ընդունեցիք: Ինչպես մնացած բոլոր դեպքերում` ձեր արածը ձեր դեմ է աշխատելու: Ու մի բան էլ` դուք ազնիվ անգրագետի համբավ ունեիք, քանզի ուղղակի մինչ այդ պահը ոչ մի շանս չէիք ստացել որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու:

Մի բողոքեք կորոնավիրուսի պայմաններում ձեզ քննադատողներից, եթե դա պատերազմ է, ապա մենք պատերազմը առաջնորդող հմուտ ղեկավարի փոխարեն ունենք մեկը, ով պատերազմի դաշտում սահմանները ամրացնելու փոխարեն, հանել է բոլոր սահմանակետերը, բացել տվել բոլոր դարպասները, թշնամուն թողել ներս, ու հիմա, երբ թշնամին սպանում է, ավերածություններ է գործում, մարդկային կյանքեր խլում, առաջնորդ կոչեցյալը գոռգռում է սահմանակետում կանգնած զինվորների վրա, թե բա ինչի լքեցիք անցակետը կամ բացեցիք դարպասները, վիրաավորում է մարդկանց՝ թե բա անգրագետ եք, գերմանացի ու չինացի չեք, դե լավ ոչինչ, տարիքով մեծ եք՝ քաղցկեղ եք մեկա մահանալու էիք, կորոնավիրուսից եղավ և այլ նման անհեթեթություններ: Մեկը չկա ասի, որ ժողովրդից բողոքում եք, գոնե մտքում ձեզ հարցրել եք, դուք Գերմանիայի, Չինաստանի կամ լավ հեռուն չգնամ` Վրաստանի կառավարությունների չափ, կամ կեսի չափ մի բան ար՞ել եք: Հետևաբար պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո՛, հեռացնում են: Սեփական ԱՆԹԱՔՈՒՅՑ անգրագիտությունից չամաչողներին, այո, հեռացնում են: Հակառակը մտածողները կամ դավաճան են կամ պատեհապաշտ կամ իմքայլական:

Հետևելով Գ. Ծառուկյանի երեկվա մտահոգություններին ի պատասխան հնչած մանկապատանեկան արտասանությունների մակարդակին ու հակադարձման տեխնիկային՝ ասեմ՝ Նիկոլն էլ նախկինը չի, կորցրել է հոտառությունը, սրությունը, կրեատիվությունը: Էդքան անիմաստ տեքստեր երկնելու համար ավելի լավ է արհեստական սարք պահել:

Սրանք Զ. Օրուել կարդացած չլինելով, օրուելյան նորալեզվի ու մյուս կանոնների մարմնավորումն են: Ուրեմն ըստ նրանց Չտրամաբանության` նախկին է համարվում այն անձը, որ համարձակվում է քննադատել արևաշող իշխանությանը, չտեսնել Փաշինյան Նիկոլի վսեմությունը, իմաստությունը, հավասարակշռվածությունը, խոսել իշխանության փոփոխության հարցից, խոսել երկրի վատ վիճակից, մարդականց վատ ապրելուց ու առհասարակ` ԽՈՍԵԼ:

Նախկին չի համարվում այն անձը, որը թեև նախորդ երեք նախագահների օրոք զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի թալանել է կողոպտել է, հարստացել է, հանցանքներ է արել, սական ՆԵՐԿԱ էնտուզիազմով սիրում է Նիկոլին, ծառայում նրան, հարմարավետ տեղավորվում…. կառավարական, պատգամավորական ու այլ բազմոցների:

Հ. Գ. Նա, ով չի կարողանում իրեն կառավարել չի կարող կառավարել այլ մարդկանց ու երկիր: Ես չեմ ասել, ամենատարբեր ժամակների մտածողներ են ասել` աչքի առաջ ունենալով կենդանի օրինակներ: Երկրի շնչառությունը ժամ առ ժամ է ծանրանում, արհեստական սարքի կարիք չունենալու համար արագ գործել է պետք»,-գրել է նախկին նախարարը։

--0--ԼՄ