Քանյեն միացել է աֆրոամերիկացի Ֆլոյդի համար ակցիային, սակայն աջակցելու փոխարեն խանգարել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

աշխարհ

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը միացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան դեպքով տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Նշենք, որ Ուեսթը ծնունդով Չիկագոյից է: Ակցիայի մասնակիցների շարքում են եղել նաև Չիկագոյի պետական դպրոցի աշակերտները: Նրանց պահանջն էր, որպեսզի դպրոցը խզի ոստիկանական բաժանմունքի հետ ունեցած 33 մլն դոլարի պայմանագիրը: 

Ակցիայի կազմակերպիչները պատմել են, որ ռեփերն իրենց հետ կապվել է հունիսի 3-ին՝ հայտնելով նրանց հետ միանալու ցանկություն: Սակայն իր մասնակացությունը շեղել է բողոքի ակցիան:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռեփերին նկատելուն պես՝ ԶԼՄ ներկայացուցիչները շրջապատել են աստղին: Կազմակերպիչներից մեկը պարզաբանել է, որ երթը երիտասարդների բողոքն է, և որ հայտնի մարդիկ չպետք է խանգարեն այն: Շուտով Ուեսթը լքել է ցույցը, իսկ ցուցարարները շարունակել են երթը:

Նշենք, որ Քանյեն 2 մլն դոլար է նվիրաբերել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքին: Բացի այդ, Ուեսթը ստեղծել է հիմնադրամ, որը կփակի Ֆլոյդի դստեր՝ 6-ամյա Ջիջիի քոլեջի ուսման ծախսերը:

Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը բերման է ենթարկվել մայիսի 25-ին: Ոստիկաններից մեկի բռնի գործողության հետևանքով նա մահացել է: Դրանից հետո ԱՄՆ բոլոր քաղաքներում սկսվել են բողոքի ակցիաներ:

--0-- ՍՊ