Իշխանության համար ընդդիմությունը գոյություն ունի այլ ընդդիմադիրների դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

քաղաքական

«Իշխանության համար ընդդիմությունը գոյություն ունի միայն այլ ընդդիմադիր ուժերի դեմ պայքարելու համար, սակայն վերջին օրերին նրանցից շատերն իրենց համար պարզել են, որ իրականում ընդդիմության գոյության իմաստը իշխանության թերությունները բացահայտելն է, առավել արդյունավետ ծրագիր ու կադրային բազա հանրությանը ներկայացնելը, իշխանություններին հեռացնելն ու իշխանություն դառնալը, ու զայրացել են»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ։

Պարզվում է` ժողովրդավարության բաստիոնի այդ պահապանների համար ընդդիմությունը գոյություն ունի միայն այլ ընդդիմադիր ուժերի դեմ պայքարելու, մեկ-մեկ էլ ԱԺ-ում ծեծվելու համար։

Վերջին օրերին նրանցից շատերն իրենց համար պարզել են, որ իրականում ընդդիմության գոյության իմաստը իշխանության թերությունները բացահայտելն է, առավել արդյունավետ ծրագիր ու կադրային բազա հանրությանը ներկայացնելը, իշխանություններին հեռացնելն ու իշխանություն դառնալը։

Պարզել են ու զայրացել, զայրացել են ու որոշել են հակադարձել։ Բայց վերջին օրերին ընդդիմադիր ուժերի տարբեր ժողովներին հնչած փաստերին հակափաստարկ չգտնելով, «գտել» են մի փաստարկ, որի շրջանակներից երկու տարվա մեջ այդպես էլ չաճեցին, այդ փաստարկը քրեական գործերով սպառնալն է։ Եվ անգամ այն, որ հանրությունը վաղուց արդեն այդ «փաստարկից» զզվել է, հասկացել է, որ պատվիրված թիրախային հետապնդումները պետությանը, ուստի և հանրությանը վնասելուց բացի ոչինչ չեն տալիս, միևնույն է բաստիոնի պահապանները դրանից ավելի հետաքրքիր բան հորինելու ու կյանքի կոչելու ունակ չեն։

Այո՛, ձեր իսկ մոգոնած հանրաքվեից փախուստի դիմաց սիրելի պահապաններ, ձեր մոտ նկատվում է շփոթ ու խուճապ։ Բայց դուք երբեք չեք գիտակցի, որ այդ շփոթի ու խուճապի միակ հեղինակն ինքներդ եք, ոչ ոք ձեզ համար այս ծուղակները չի պատրաստել, բոլորն ինքներդ եք սարքել։

Իսկ եթե կան ուժեր, որոնք «հաշվել են ձեր ատամները», ի տարբերություն ձեզ, կարողանում են հաշվարկել ձեր իսկ հաջորդական քայլերը, փակում են ձեր իսկ սարքած ծուղակների դռները, ապա զայրանալ ու նեղանալ, դրա հետևանքով նոր ծուղակներ ընկնել պետք չէ։ Պարզապես դա նշանակում է, որ կան ձեզնից առավել բանիմաց, կրթված, խոհեմ ուստի և կենսունակ ուժեր։ Սրանից բխող բոլոր հետևանքներով»,-գրել է փաստաբանը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս