ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News
ՌԴ-ում մարդու իրավունքների հարցով լիազոր ներկայացուցիչ Տատյանա Մոսկալկովան արտերկրում ռուսերենի դասաժամերի կրճատումը ռուսախոս բնակչության իրավունքների խախտում է համարել:
«Մի շարք երկրներում ռուսերենի ուսուցման նվազումը լուրջ խնդիրներ է առաջացնում, և դա խախտում է այն մարդկանց իրավունքները, որոնք խոսում են ռուսերեն: Դրանք Մերձբալթյան երկրներն են, Հայաստանը, Ղրղզստանը և շատ այլ երկրներ, որոնք այսօր զրկվում են երեխաներին ռուսերեն սովորեցնելու հնարավորությունից»,-ըստ РИА Новости-ի՝ լրագրողներին ասել է Մոսկալկովան:
Օմբուդսմենը կարծում է՝ պետք է քննարկել արտասահմանում դեսպանատներին կից ռուսական դպրոցների թվի ավելացումը:
«Մենք պետք է բարձրացնենք արտասահմանում ռուսերենի համար պայքարի մակարդակը ոչ թե հանուն լեզվի, այլ հանուն այն մարդկանց, որոնք իրավունք ունեն պահպանել իրենց մշակույթը, իրենց ռուսական ինքնությունը, և պետք է հնարավորություն տանք կրթություն ստանալ ռուսերենով»,-ասել է օմբուդսմենը: