Ստիպված եմ հիշեցնել՝ Ծառուկյանի մտահոգությունից պետք էր հետևություն անել. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

քաղաքական

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է.

«Երբ իմ հարգարժան գործընկեր Լիլիթ Մակունցը և իր խմբակիցները անհասկանալի բուռն արձագանք են տալիս Գագիկ Ծառուկյանի՝ ստեղծված իրավիճակին տրված օբյեկտիվ գնահատականներին, և մի ողջ կուսակցություն հանվում է մարտական դիրքեր, ստիպված եմ իմ գործընկերոջը հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել, և ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ ու հրահանգին ենթարկվել։ Ու երբ, հարգելի Լիլիթ, խոսում եք մերժված քաղաքական խմբերի մասնիկների և ատոմների մասին, նորից ստիպված եմ ևս մեկ անգամ թարմացնել բոլորի հիշողությունն ու ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես նախորդ իշխանությունը մեկ հրահանգով, մեկ գիշերում կալանավորեց մեր մոտ 700 թիմակիցների և համախոհների, ինչպես մեկ հրահանգով «Բարգավաճ Հայաստանի» դեմ կազմակերպվեց խայտառակ և անբարո քարոզարշավ, երբ նախորդ իշխանության կողմից օգտագործվեցին ամենաամոթալի քարոզչական գործիքները։

Ու էդ ֆոնին մենք իրավունք ունենք տրամաբանական հարցադրում անել՝ թե էդ ինչպե՞ս է լինում, որ դուք և ձեր թիմակիցները, հեղափոխության օրերին արագաչափեր էիք փակում, ոստիկանների ձեռքից զենք էիք վերցնում, Ռադիոտուն էիք գրավում, և նախկին իշխանությունն այդ ամենը իդեալական մարսում էր ու որևէ քայլ չձեռնարկեց։

Չէ, ես ոչինչ չեմ ակնարկում. ընդամենը երբեմն-երբեմն հռետորական սույն հարցը բարձրացնելու օբյեկտիվ ցանկցություն է առաջանում՝ թե իրականում ո՞վ է ում շարունակությունը»։

--0-- ՍՊ