«Ամեն բան կախված կլինի Փաշինյանից, դեռ երկուշաբթի նա անդրդվելի էր»․ «Коммерсантъ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

«ՀԱՊԿ-ը սկսել է մտորել սկզբունքների շուրջ» վերնագրով հոդվածում «Коммерсантъ»  պարբերականը անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը և այդ հարցում Նիկոլ Փաշինյանի դերակատարությանը։

«Այսօր վերջապես կարող է լուծվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված ինտրիգը, դրան վերջակետ պետք է դնեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, որոնք պետք է Ղազախստանում որոշեն, թե ով ու որքան ժամանակով կդառնա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար»,-գրել է «Коммерсантъ» պարբերականը:

Ըստ պարբերականի՝ ՀԱՊԿ-ում հարց է առաջացել՝ ինչ սկզբունքով է պետք նոր գլխավոր քարտուղար նշանակել, եթե նախորդը դադարեցրել է իր լիազորությունների կատարումը սահմանված ժամկետից շուտ: Հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում գործել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը, հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացյալ մեկուկես տարվա ընթացքում:

«Ամեն բան կախված կլինի Փաշինյանից, դեռ երկուշաբթի նա անդրդվելի էր»,-«Коммерсантъ»-ի հետ զրույցում նշել է գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ բանակցություններին մասնակցած դիվանագետը, որի անունը չի հրապարակվում:

Ըստ աղբյուրի՝ հնարավոր է՝ մինչև 2020 թվականի մայիս կազմակերպության գլխավոր քարտուղար մնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: