30-ամյա տղամարդը սպանության վայրից բերման է ենթարկվել ու ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

հասարակական

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Սարգիս Սեպուհյանը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական տարածքի Սողոմոն Տարոնցի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության ժամանակ մի քանի անձանց հետ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ և չէր ենթարկվել դեպքի վայրում աշխատանքներ կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, անգամ ընկերների հետ սպառնում էր, որ ինչ-որ մարդկանց «գյուլելու է», և ոստիկանները, տեսնելով, որ նա ոչ միայն չի ենթարկվում, այլև խախտում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, այն է՝ պարտադիր պետք է կրի դիմակ և պահպանի սոցիալական հեռավորություն, ստիպված ուժ կիրառելով՝ նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

Այդ օրը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկվել նաև Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Կարապետ Սեպուհյանը, ով Ս. Սեպուհյանի եղբայրն է, և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Մարտիկ Օհանյանը։ Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ Ս. Սեպուհյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս Երևանում հայտնի է նրանով, որ հաճախակի ներկայանում է, որ ինքը հանցագործ աշխարհում հայտնի «Կայարանցի Թևոսիկի» տղայի ընկերն է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 7-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ էր ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում:

Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել էին տղամարդու դի, ովքեր պարզել էին, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մահացել էր հրազենից արձակված կրակոցներից:

Կրակոցների հետևանքով վնասվել էր նաև օբյեկտներից մեկի ապակին:

Աղբյուրը հայտնել էր, որ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ներկայացել նույն փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել էր ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել էր հանցագործության գործիք ատրճանակը:

Աղբյուրը հայտնել էր նաև, որ մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ոստիկանները՝ սահմանազատելով տարածքը, մի խումբ երիտասարդներ դեպքի վայրում ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել հասարակության նկատամամբ, հնչեցրել սպառնալիքներ ու հայհոյանքներ: Ոստիկանները մի քանի անգամ նրանց զգուշացրել էին, որպեսզի նախ կատարեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումները, այն է՝ կրեն պաշտպանիչ դիմակ, պահպանեն սահմանված հեռավորությունը, բայց այդ երիտասարդները շարունակել էին լկտի պահվածք ցուցաբերել, ինչից հետո ոստիկաններն ու դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ, մի քանիսին «ասֆալտին փռելով»՝ բերման էին ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչից հետո նոր միայն քննիչները կարողացել էին առանց խոչընդոտի կատարել դեպքի վայրի տեղազննություն:

--0--ԿԿ