«Շենգավիթ» կայարանի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հունիսի 7-ին, ժամը 00.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել:

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցու փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերեց 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին կրակված գնդակ ու պարկուճներ:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտվեց։

Հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն:

--0-- ԱՀ