Մոսկվայում կհանվեն անցագրերն ու ինքնամեկուսացման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

մոսկվա.կորոնավիրուս

Մոսկվայում հունիսի 9-ից կչեղարկվեն ինքնամեկուսացման ռեժիմն ու զբոսանքների ժամանակացույցն ու անցագրերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մայրաքաղաքի բոլոր բնակիչները, այդ թվում՝ 65-ից բարձր տարիքի և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, առանց սահմանափակումների կկարողանան դուրս գալ փողոց, գնալ իրենց գործերով և այցելել հասարակական վայրեր: Սոբյանինը հայտնել էր, որ սահմանված հակահամաճարակային միջոցառումները թույլ են տվել խուսափել պանդեմիայի բռնկումից։

Հունիսի 9-ից կվերսկսվի ավտոլվացման ծառայությունների, վարսահարդարման, գեղեցկության սրահների, լուսանկարչական ստուդիաների, անասնաբուժական կլինիկաների, աշխատանքի տեղավորման գործակալությունների, հասարակական կազմակերպությունների, կինո և ձայնագրման ստուդիաների, ինչպես նաև գիտական ինստիտուտների գործունեությունը: Բացի այդ, կբացվեն նաև գերեզմանատները։

Հունիսի 16-ից կսկսեն աշխատել գրադարանները, թանգարանները, ցուցասրահները և կենդանաբանական այգիները։

ՌԴ-ում պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 476 հազար մարդ, որից 197 018-ը գտնվում է Մոսկվայում, ավելի քանի 230 հազար հոգի ապաքինվել է, 5971 պացիենտ մահացել է։

--0-- ԱՀ