Ադրբեջանում կա մի փոքր զանգված, որ հայերին չի ընդունում որպես թշնամի․ Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

«Ադրբեջանում արդեն մեծացել է մի սերունդ, որ չի տեսել հայերին ու մեզ ճանաչում է իր պետական քարոզչության հայատյաց դրսևորումներից ու իրականություն խեղաթյուրող հայտարարություններից»։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ նկատելով, որ Ադրբեջանում կա մի զանգված, որը ադեկվատ է ու հայերին չի ընդունում որպես թշնամի, սակայն այդ խումբը փոքր է:

«Խնդիրն այն է, որ այդ հասարակությունը հրճվանքով է վերաբերվում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատմանը, նույն հրճվանքով է ընդունում ապրիլյան պատերազմի ընթացքում գլխատված հայաստանցի զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխը բնակավայրերում պտտելուն։ Հայ հասարակությունը չի ընդունի այդպիսի վայրենություն: Այդ պատճառով էլ համերաշխության և ընկերության քարոզչություն պետք է վարել ոչ թե Հայաստանում, այլև Ադրբեջանում, ադրբեջանական հասարակության շրջանում»,-ասել է ադրբեջանագետը:

Ըստ Էլիբեգովայի՝ ադրբեջանական հասարակությունում այնքան արմատացած են հակահայկական տրամադրությունները, որ եթե նույնիսկ հակամարտությունը կարգավորվի, մեկ-երկու սերունդ անցնելու կարիք կլինի, մինչև այնտեղ ընդունեն հայերին: