Ծառուկյանը մտնում է առճակատման դաշտ․ Փաշինյանը կրկին նրան սպառնում է քրգործով․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նիկոլ

«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը տեղափոխվեց արմատական դաշտ։ Այս երկու տարվա ընթացքում խիստ չեզոք կարգավիճակով գործող ԲՀԿ-ն օրերս կտրուկ շրջադարձ կատարեց։ Ու եթե ժամանակին Փաշինյանի ձեռամբ օլիգարխից սեփականատեր դարձած Գագիկ Ծառուկյանն ու նրա քաղաքական ուժը «ոչ նալին, ոչ մեխին» սկզբունքով էին աշխատում, երբեմն տնտեսական որոշ սուր որակումների համար էլ «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեկ բռնում, մեկ բաց էին թողնում, այսօր իրավիճակը փոխվել է։

Ծառուկյանը մտնում է առճակատման դաշտ, Փաշինյանն էլ կրկին նրան սպառնում է քրեական գործով։ Ու ծիծաղելի կլիներ հավատալ, որ դա ԲՀԿ առաջնորդը չէր կանխատեսել։

Հեռանալով մի պահ Ծառուկյանի անձից՝ փաստենք, որ այս ակտիվացումը նաեւ մեկ այլ բանի ազդանշան է։ Եթե խոշոր գործարարն արդեն դուրս է գալիս օրվա իշխանության դեմ, սա նշանակում է, որ իրավիճակը Փաշինյանի շուրջ շատ ավելի լուրջ է, որովհետեւ, առանց առաջիկա իշխանափոխության հոտն առնելու գործարարը դուրս չի գա այն իշխանության դեմ, որի ձեռքին են հարկային, իրավական լծակները, որոնցով նրան շատ արագ կարող են ասպարեզից հեռացնել։

Ուրեմն ստացվում է, որ այս իշխանության գնացքն իսկապես արդեն գնացել է, ու ոչ միայն գործարարներն են նրա դեմ դուրս գալիս, այլեւ այդ գործարարների գումարները հաշվող ու գանձող, երկրի փողի վրա «նստած» թիվ մեկ պաշտոնյան՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Չպետք է բացառել նաեւ, որ վերջինիս հրաժարականի գործոններից է այն, որ, տնտեսական այսօրվա իրավիճակով պայմանավորված, ՊԵԿ-ն այլեւս չի կարողանալու հարկահավաքություն իրականացնել, իսկ դրա կուժն ու կուլան, բնականաբար, կոտրվելու է հենց ղեկավարի գլխին։ Իսկ Դավիթ Անանյանը մեկ հրաժարականով երկու հարց լուծեց՝ գլուխն ազատեց իշխանության մեղքերի ոչ սեփական բաժնից, իշխանության մութ գործերից իրեն դուրս դրեց։

Վերադառնալով խորհրդարանական ընդդիմությանը, հավելենք, որ քաղաքական ուժերի համախմբման գործընթացը մեկնարկում է եւ արտակարգ դրության ավարտից հետո քաղաքական ակտիվ զարգացումների պիտի սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0-- ԱՀ