Հուսանք՝ տոնակատարությունը չի աղտոտվի Թուրքիայի ղեկավարի այցով․ ֆրանսիացի և հայ գործիչներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Ֆրանսիայում մի խումբ մտավորականներ և հասարակական կազմակերպություններ չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի Փարիզում նոյեմբերի 10-11-ին տեղի ունենալիք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցի միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Իրենց բողոքն արտահայտելու համար Ֆրանսիայում հայտնի մի խումբ մարդկանց ստորագրությամբ ֆրանսիական «Le Monde» թերթում հրապարակում է արվել, որտեղ դժգոհություն է արտահայտվել Էրդողանի այցի հետ կապված։ Հրապարակման մեջ հիշեցվել է Թուրքիայի ներսում տիրող լարված մթնոլորտը, ինչպիսի նաև խոսվել է Թուրքիայի դիրքորոշման մասին առանցքային մի շարք հարցերում։ Նախ և առաջ հիշատակվել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Քննադատության տակ է առնվել պաշտոնական Անկարայի քաղաքականությունը քրդերի և Կիպրոսի հիմնախնդրի շուրջ։

Էրդողանի՝ Ֆրանսիա չգալու պատճառները մի քանիսն են․ նախ Թուրքիան աշխարհով մեկ տարածում է հակասեմիտիստական տրամադրություններ, «անկառավարելի» ատելություն է սերմանում Իսրայել պետության նկատմամբ, Թուրքիայում խախտվում է մարդկանց ազատության իրավունքը և Թուրքիան դարձել է լրագրողների համար աշխարհի ամենամեծ «բանտը»։

Հրապարակումը ստորագրել են ֆրանսիացի և մհայ հասարակական գործիչներ, մտավորականներ՝  Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Տոնոյանը։

Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը Էրդողանի այցի վերաբերյալ նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայտնելով դժգոհություն  Էրդողանի՝ միջոցառման ներկա լինելու համար։ Նամակում նշվում է, որ Թուրքիայի նախագահի ներկայությունը չի համապատասխանում «Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ոգուն»։

«Հուսով ենք, որ նոյեմբերի 11-ի տոնակատարությունները չեն աղտոտվի Թուրքիայի ղեկավարի այցի պատճառով»,- ասվում է նամակում։