Արտակ Զեյնալյանը Սեուլում խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Նոյեմբերի 6-ին, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: Այս մասին նախարարի պաշտոնակատարը գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

«Անդրադառնալով 2018 թ․ գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակեցի աննախադեպ և պատմական ու նշեցի, որ այդ օրերին հայ ժողովուրդը թավշյա, խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։ Մասնավորապես նշեցի, որ ապրիլ մայիսի ընթացքում Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը:

Երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության և ժողովրդավարության սկզբունքները: Արդյունքում այս տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությանը, և ձևավորվեց համաձայնության կառավարություն: Եվ այսօր ես՝ որպես ժողովրդի կողմից ձևավորված կառավարության անդամ, մեծ պատասխանատվություն եմ ստանձնել նյութականացնելու և կյանքի կոչելու այն դրական էներգիան, որն առկա էր այս տարվա գարնանը Հայաստանի փողոցներում և հրապարակներում:

Որպես կարևորագույն քայլ՝ անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչը առաջիկա ընտրություններից հետո նոր թափ պետք է առնի. պետական համակարգի բոլոր օղակները ևս պետք է հեղափոխվեն և վերափոխվեն։ Կարծում եմ, խիստ անհրաժեշտ է հանրության շարունակական ընդգրկումը փոփոխությունների, համակարգի վերակառուցման մեջ։ Հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում՝ պարզ և հասանելի նպատակների սահմանում՝ կոնկրետ ժամկետներում, հասարակության ամենալայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով, հանրությանը շարունակական հեղափոխության գլխավոր շարժիչ պահելու համար:

Անհրաժեշտ է ստեղծել սպասելիքների կառավարում՝ հանրությանը տալով իրատեսական փոփոխությունների ցանկ, իրատեսական ժամկետներով։ Սա կարևոր է, քանի որ շատերը սպասում են անթերի որոշումների և բացառապես դրական արդյունքների, ինչը շատ պարտավորեցնող է:

Ելույթումս առանձնացրել եմ նաև ևս մեկ կարևոր գործոն, որը նպաստում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական էներգիայի նյութականացմանը և դրա կյանքի կոչելուն. դա հանրության առջև հաշվետվողականության, թափանցիկության, բաց գործելու Կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

Հեղափոխության օրերին, ինչպես նաև համաձայնության կառավարության ձևավորումից հետո սոցիալական ցանցերը մեծ դեր և նշանակություն են ունեցել հեղափոխական ուժերի և ապա նաև կառավարության կողմից հասարակության առջև հաշվետվողականության և թափանցիկության ապահովման տեսանկյունից, ինչն էականորեն նպաստել է Հայաստանում ժողովրդաիշխանության ամրապնդմանը և ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաև այդ փողոցային պայքարի դրական էներգիան կառավարման համակարգին հասցնելուն և իրականացվող բարեփոխումներին ժողովրդի անմիջական մասնակցությունն ապահովելուն»,-գրել է Զեյնալյանը: