Եթե առաջիկա շաբաթում հարցին լուծում չտրվի, կրկին կբողոքենք․ վթարային շենքի բնակիչներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք 24News-ին ասել են, որ 22 ընտանիքներ 30 տարի շարունակ ապրում են անմարդկային պայմաններում։ 

Կառավարության շենքի դիմաց հավաքված բնակիչների հետ զրուցել է Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության ներկայացուցիչ Հայկ Սիմոնյանը՝ բնակիչներին հերթական անգամ խորհուրդ տալով սպասել։ 

«Ֆինանսական մեծ միջոցներ են պահանջվում հարցի լուծման համար։  Այդ միջոցների առկայության դեպքում հարցին լուծում կտանք»,-ասել է կառավարության ներկայացուցիչը։

Բողոքի ակցիայի մասնակցիները տեղեկացրել են, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հարցին որոշակի լուծում չտրվի, հաջորդ հինգշաբթի իրենք կրկին կհավաքվեն գործադիրի շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ 1988 թվականին 4-րդ կարգի վթարային ճանաչված շենքի բնակիչները նախորդ տարիներին դիմել են տարբեր պատկան մարմինների։ Նամակների տրցակին ի պատասխան՝ մշտապես ստացել են նույն խոստումը՝  հարցը հրատապ ծրագրերի մեջ է։