ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում օրեցօր մեծանում է կոնֆլիկտայնությունը. ՀՀ ՊՆ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է իր տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ  արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել: 

«Պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել: Ընդհակառակը, մեր տարածաշրջանում և նրա մերձատարածքում օրեցօր մեծանում է կոնֆլիկտայնությունը, ավելին` համաշխարհային համավարակը ժամանակավորապես սահմանափակել է համագործակցային հնարավորությունները, իսկ անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ: Ուստի, հուսալի պաշտպանության համակարգը, առաջին հերթին՝ ժամանակակից և մարտունակ բանակը, շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման համար անհրաժեշտ արտաքին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համայն հայության և առաջին հերթին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի կամքը թելադրողի դիրքերից հանդես գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսատարածքում երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ձևավորելու հիմնական գրավականը»:

Տոնոյանի փոխանցմամբ՝ անցած ժամանակահատվածում բանակի խնդիրները չեն փոխվել. «Մեր զինծառայողները շարունակում են տեղակայված մնալ մեր հակառակորդի հետ դեմ հանդիման՝ Հայաստանի պետական սահմանի և Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով՝ ակտիվորեն կիրառելով տեխնիկական նոր միջոցներ, մարտական հերթապահության կատարելագործված ձևեր և եղանակներ: Մեր ստորաբաժանումները շարունակում են զորավարժությունների և վարժանքների ընթացքում հղկել և կատարելագործել իրենց մարտական խնդիրները՝ յուրացնելով նոր սերնդի սպառազինությունն ու հարձակողական մարտավարությունը։ Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը և ավելի մեծ ընդգրկվածությամբ, մեր ՀՕՊ համակարգը շարունակում է իր ամենօրյա հերթապահությունը՝ բոլոր բարձրությունների վրա թիրախավորելով ավելի ու ավելի շատ հավանական թիրախներ, մեր ավիացիան շարունակում է օդում լիակատար գերազանցության հասնելու գերձայնային ընթացքը՝ յուրացնելով նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, մեր ինժեներական և ռադիոէլեկտրոնային համակարգերն օրեցօր մեծացնում են ցամաքում և օդում հավանական հակառակորդի գործողությունների ճնշման կարողությունները…»:

ՀՀ ՊՆ նախարարը հավելել է, որ բանակի խնդիրներին համապատասխան չեն փոխվում նաև պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման հիմնանպատակները, սակայն փոխվում են դրանց հասնելուն ուղղված խնդիրները, գերակայությունները և ռեսուրսների հատկացման առաջնահերթությունները. «Բանակի զարգացումը շարունակական, մշտապես ադապտացվող, ավելին` արտաքին մարտահրավերների հետ ինտերակտիվ և մրցակցային գործընթաց է՝ արտաքին մարտահրավերների վրա ներգործությամբ և դրանց ազդեցությունը կրելով։ Ըստ այդմ, հասնելով կոնկրետ նպատակի, մենք պետք է մեր առջև նոր «բարձունքների հասնելու» խնդիր դնենք, ավելին` թերանալով որևէ խնդրի կատարման գործընթացում, պետք է բազմապատկենք մեր ջանքերն ու գտնենք առավել արդյունավետ այլընտրանքային լուծումներ»:

--0-- ՍՊ