Տեսչական մարմինը Պտղնիում հայտնաբերել է ինքնակամ ձկնաբուծական լճեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News     

ձկնաբուծական լճեր

2020 թ. մայիսին ՀՀ Կոտայքի մարզպետարանից ստացված գրությունում նշված խնդիրների համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 3.7604 հա մակերեսով՝ 5 տարբեր գրանցված սեփականության իրավունքով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, արոտ և այլ գործառնական նշանակության հողամասերում՝ առանց որևիցէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր:

Հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել: 

Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները չօրինականացնելու պատճառով համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ: 

Արձանագրված խախտումների և թերությունների հիմքով` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար, Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար։  --0—ՄՀ