Ո՞վ կնախագծի թոքերի արհեստական շնչառության սարքերի նախատիպը. պաշտոնյան մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

սարք

Հայաստանում անցկացվող թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթը մոտենում է ավարտին: Շուտով պարզ կլինի հաղթող ընկերության անունը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը:  

«Օրեր առաջ ավարտվել է դիմումների ներկայացման ժամկետը: Այժմ դրանք քննարկելու, վերլուծելու փուլն է: Առաջիկա շաբաթներին պարզ կլինի, թե որ ընկերությունն է զբաղվելու թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 նմուշային նախատիպի նախագծմամբ»,-ասել է Ստեփան Ծատուրյանը, ապա հավելել, որ խոսքն առայժմ 5 նմուշային նախատիպի նախագծման մասին է, որից հետո նոր փորձելու են հասկանալ արտադրական պրոցեսը:

«Նախագծման փուլն ավարտվելուց հետո կհասկանանք, թե ինչ ստանդարտներով, ինչ ծավալով պետք է արտադրենք: Նպատակն այն է, որ այն միաժամանակ և՛ ծառայի մեր ներքին կարիքները բավարարելուն, և´ արտահանվի: Այդտեղ կարևոր են նաև լիցենզավորման գործընթացները»,-ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ինժեներական ասոցիացիան հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ: Ծրագրի բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է, ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչև 6 ամիս:

--0—LՄ