Իրանական գազը ռուսականից պետք է 10%-ով էժան լինի. «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

«Գազը պետք է ռուսականից նվազագույնը 10 տոկոսով էժան լինի, որ հայկական կողմին ձեռնտու լինի այն ձեռք բերել»: Այս մասին Ազգային ժողովում գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգի գործունեության, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին այս մասին ասել է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ հավելելով, որ Իրանից ստացվող գազի ջերմատվությունը 1000 խորանարդ մետրին կազմում է 7900 կիլոկալորիա, իսկ ռուսականի դեպքում 8200-ից ցածր չէ:

«Այսինքն՝ այն այրելիս ավելի շատ է ջերմություն ստեղծում: Ուստի եթե ռուսական գազն արժի 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլար, ապա իրանականը հավասար այլ պայմաններում պետք է արժենա 135 դոլար, որպեսզի այն նույնպես ձեռնտու լինի»,- պարզաբանել է Թադևոսյանը և նկատել, որ հարցը բանակցությունների թեմա է, սակայն կառավարության մակարդակով բանակցությունների:

Հարկ է նաև նշել, որ, ըստ հայ-ռուսական համաձայնագրերի, ռուսական գազի համար բազային կալորիականությունը պետք է կազմի հազար խորանարդ մետրի համար 7900 կիլոկալորիա: Եթե կալորիականությունը բարձր լինի, գոյություն ունեցող սակագնին ստիպված են հավելագրել լրացուցիչ գործակից: Սակայն այս կանոնը Հայաստանի համար ժամանակավորապես չի գործում, ճիշտ է՝ միայն մինչև 2018-ի տարեվերջ: