«Ժպիտների քաղաք» հիմնադրամն առցանց դրամահավաքի ընթացքում հավաքվել է շուրջ 17 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News     

ժպիտների քաղաք

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մայիսի 2-ից հունիսի 2-ը կազմակերպել էր բարեգործական օնլայ դրամահավաք։ Դրամահավաքի ընթացքում հավաքվել է շուրջ 17 միլիոն դրամ։ Հիմնական նվիրատվությունները կատարել են ՀՀ-ում, ՌԴ-ում և ԱՄՆ-ում մեր քաղաքացիները։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։

«Հիմնական նվիրատվությունները կատարել են ՀՀ-ում, ՌԴ-ում և ԱՄՆ-ում բնակվող մեր քաղաքացիները։
Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերված յուրաքանչյուր դրամի համար։

Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր հեռուստաընկերություններին, որոնք աջակցեցին մեզ՝ մեկ ամիս շարունակ անվճար ցուցադրելով դրամահավաքի տեսահոլովակը, այն բոլոր լրագրողներին, ովքեր պարբերաբար անդրադարձել են մեր միջոցառմանն ու լուսաբանել։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր արձագանքների, նամակների և ոգևորող խոսքերի համար։

Գործունեության երկու տարվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։
Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 495.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։

Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։

Հիմնադրամը շարունակելու է հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբուներին և շարունակելու է տարբեր միջոցառումների, նախաձեռնությունների միջոցով աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին։

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼ»։  --0—ՄՀ