Քառօրյա պատերազմի մասնակից դատապարտյալի վրա համաներումը չի տարածվել․ ծնողները բողոքում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Քառօրյա պատերազմի մասնակից զինվորի հարազատները կառավարության շենքի դիմաց 24News-ի հետ զրույցում նշել են, որ համաներումը չի տարածվել իրենց որդու վրա։

Զինվորի հարազատները նշել են, որ տղան երկու տարի ծառայել է բանակում, իսկ երբ մոտեցել է զորացրման օրը, ծնողների խոսքով, «քրչերով» տուն չգալու համար տղան համազգեստ է գողացել, ինչի համար դատապարտվել է 4 տարի 3 ամսվա ազատազրկման։

Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ համաներումը կիրառվում է նաև այն անձանց նկատմամբ, որոնք  ՀՀ կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են։ 

«Ըստ օրենքի՝ համաներումը տարածվում է նաև քառօրյայի մասնակիցների վրա, սակայն մեր որդու վրա չի ազդել։ Մեզ մի տեղից մի այլ տեղ են ուղարկում, տարբեր պատկան մարմինների ենք դիմել»,- նշել են դատապարտյալի հարազատները։

Նրանց խոսքով՝ որպես մերժման հիմք նշել են, որ տղան մասնակցել է մարտերին, այլ ոչ թե մարտական գործողություններին։ Այդուհանդերձ, դատապարտյալ նախկին զինվորի հարազատները լիահույս են, որ արդարացի որոշում կլինի, ու համաներումը կտարածվի նաև իրենց որդու վրա։