Արցախի անվտանգության ու կարգավիճակի հարցը Հայաստանի առաջնահերթությունն է․ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Նոյեմբերի 8-ին Աստանայում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Օրակարգում ընդգրկված են եղել ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է եղել Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել  Ղազախստանի իր գործընկերոջը՝ ՀԱՊԿ-ում հաջող նախագահության համար և հայկական կողմի աջակցությունը հայտնել Ղրղզստանի առաջիկա նախագահության՝ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և համագործակցության խորացմանն ուղղված առաջնահերթություններին:

Անդրադառնալով նիստի օրակարգի հարցերին՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական ներուժի ուժեղացման և արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում ջանքերի ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության հակազդեցությանն ուղղված համատեղ և համակողմանի ջանքերի նշանակությունը: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց իրենց ծագման և քաղաքացիության երկրներ վերադարձով պայմանավորված սպառնալիքներին։

Նշվել է, որ այս հարցը լրջագույն մարտահրավեր է միջազգային անվտանգությանը, և պետք է պատրաստ լինել համապատասխան քայլեր ձեռնարկելու այդ ռիսկերին արձագանքելու համար:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում շարունակվող իրադրության, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների գործունեության արդյունքում տարածաշրջանում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների  կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի մեծացման և ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումը և նշել, որ դրա ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցը շարունակում է լինել Հայաստանի առաջնահերթությունների շարքում, ինչպես նաև շեշտել խաղաղ բանակցային գործընթացում Արցախի՝ որոշիչ ձայնով ներգրավվածության կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը՝ նշելով, որ այն հանգեցնում է տարածաշրջանում թշնամության և անվստահության մթնոլորտի աճին: Նա ընդգծել է, որ արդիական և շատ անհանգստացնող է սպառազինությունների մրցավազքը, որը չի նպաստում խնդրի կարգավորմանը: Նախարարական համատեղ նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ, ինչպես նաև հավանություն է տրվել նոյեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք փաստաթղթերին։