Ցողունային բջիջներով COVID19-ի բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

ԱՄԷ-ում հետազոտողների կողմից մշակված նոր կորոնավիրուսի (COVID-19) բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանության իրավունք՝ հնարավորություն ընձեռելով շատ հիվանդների օգտվել այս բուժումից։

Ինչպես տեղեկացրին Հայաստանու Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկներ և մասնագետներ դոկտոր Յանդրի Վենտուրայի գլխավորությամբ նախորդ ամիս հայտարարել էին նոր կորոնավիրուսի նորարարական և խոստումնալից բուժման հայտնաբերման մասին, որը, կարծես, օգնում է մարմնին պայքարել վիրուսի դեմ և նվազեցնել հիվանդության ախտանիշները։

«Հունիսի 8-ին Աբու Դաբիում գտնվող ցողունային բջիջների կենտրոնը հայտարարել է, որ վերլուծությունների արդյունքների համաձայն՝ բուժումն արդյունավետ և անվտանգ է։

««Sheikh Khalifa Medical City» կենտրոնի հեմատոլոգիայի և ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, դոկտոր Ֆաթիմա Ալ-Քաաբին նշել է. «Հիվանդների վիճակը, ովքեր ստացել են ցողունային բջիջների թերապիա, ավելի արագ է բարելավվել, քան նրանք, ովքեր ստացել են միայն ստանդարտ բուժում»։

Նա նաև հավելել է. «Ինչ վերաբերում է ծանր հիվանդներին, ապա նրանց բուժումը ցողունային բջիջներով տևել է մոտ վեց օր, ինչը շատ ավելի կարճ ժամանակահատված է, քան ավանդական բուժման ընթացքի տևողությունը, որի ժամանակ հիվանդները մոտ 22 օր անցկացրել են հիվանդանոցում»:

Այլ վերլուծություններից պարզվել է նաև, որ վարակակիրները, ովքեր ստացել են ցողունային բջիջների բուժում, վերականգնվել են յոթ օրից պակաս ժամանակահատվածում և 3,1 անգամ արագ, քան սովորական բուժում ստացածները: Թեստերը հաստատում են, որ ցողունային բջիջներով բուժում ստացած հիվանդների 67% -ը լիովին ապաքինվել է միայն այս նորարարական բուժման շնորհիվ, առանց որևէ այլ գործոնի:

Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը հավաստիացրել է, որ կարողացել է ձեռք բերել այս բուժման մտավոր սեփականության պաշտպանության իրավունքը, ինչը հնարավորություն կընձեռի բուժման մանրամասներով կիսվել այլոց հետ համապատասխան լիցենզիայի միջոցով այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի կառավարությունը պաշտոնապես հավանություն կտա դրան։

Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը պարզել է, որ հետազոտողները ներկայումս իրականացնում են փորձերի տարբեր փուլեր` որոշելու բուժման արդյունավետությունը /երրորդ փորձնական փուլը/, իդեալական առավելագույն չափաբաժինը, ինչպես նաև բուժման արդյունավետությունն այլ շնչառական հիվանդությունների դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

--0-- ԱՀ