Գեղարքունիքի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Գեղարքունիքի մարզի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ օրերս ապօրինի ծառահատման հինգ դեպք բացահայտվեց:

Հունիսի 5-ին, ժամը 15.30-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Ներքին Գետաշեն գյուղի ճանապարհին ստուգել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել մայիսի 26-ին Տավուշի մարզի «Սևքարի անտառտնտեսությունից»:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նույն օրն ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ բացահայտեցին ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները:

Ժամը 22-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Ճամբարակի պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են Հաղարծին գյուղի 26-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ այն ձեռք է բերել 2019 թվականի աշնանը` «Դիլիջանի անտառտնտեսությունից»:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հունիսի 9-ին ապօրինի ծառահատման երեք դեպք էլ Սևանի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Ժամը 5.30-ի սահմաններում բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով ճանապարհային ոստիկանների հետ, Դիլիջանի ոլորանների սկզբնամասից ժամկետանց փաստաթղթերով փայտանյութ տեղափոխելու համար ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Իջևան քաղաքի 63-ամյա բնակչի 25 խմ փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» և Նոյեբերյան քաղաքի 38-ամյա բնակչի 7 խմ վառելափայտով բեռնված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները:

Վարորդները հայտնել են, որ փայտանյութը ձեռք են բերել «Նոյեմբերյանի անտառտնտեսությունից»:
Րոպեների տարբերությամբ իրավապահները Դիլիջանի ոլորանների սկզբնամասում ստուգեցին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 64-ամյա բնակչի 24 խմ փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ այն ձեռք է բերել անհատ ձեռնարկատիրական ընկերությունից:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

--0-- ԱՀ