ՊՆ մեքենայի վթարի քրգործով մշակվում են աշխատանքային վարկածներ․ ՀՀ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ N զորամասի հաշվեկշռին գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, ևս 22 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, հետազոտությունների համար վերցրել տարբեր նմուշներ, հարցաքննել ականատեսների։

Thumbnail

Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, կատարվել մի շարք հարցումներ։
Վթարի պատճառները պարզ կդառնան դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքում, ինչի պատշաճ իրականացումն ապահովելու համար ձեռք են բերվում անհրաժեշտ բոլոր ելակետային տվյալները փորձագետներին տրամադրելու համար։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։