Մայիսի 9-ի փողոցում սպանության համար որոնվում են ոստիկանության գնդապետի տղան և «Կոկոն»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

1

Հունիսի 9-ին Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով ոստիկանները պարզել են Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակումկրակոցների դեպքի մասնակիցների և սպանվածի ինքնությունը։ Մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ, «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, որը Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 17։05-ի սահմանում Ա. Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել միմյանց նկատմամբ, որի ընթացքում 30-ամյա Կոնստանտին Հունանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել է Ա. Պետրոսյանի ուղղությամբ, որը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արամ Եղիազարյանը, Երևանի բնակիչ, 30-ամյա Սամվել Քրմոյանը, Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Թադևոսյանը, Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Խաչատրյանը, Երևանի բնակիչ, 32-ամյա Ժակ Այվազյանը, Երևանի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Մգոյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Հակոբյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 24-ամյա Կամո Խաչատրյանը, Երևանի բնակիչ, 30-ամյա Վարդգես Այվազյանը։

Ըստ նախնական տեղեկության՝ վիճաբանության ժամանակ Ա. Խաչատրյանը, Ս. Քրմոյանը և Դ. Թադևոսյանը իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից նույնպես կրակոցներ են արձակել Ա. Պետրոսյանի ուղղությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց և հանցագործության գործիք համարվող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից Ա. Մգոյանի հայրը՝ Արայիկ Մգոյանը, ոստիկանության նախկին ծառայող է, կոչումով՝ ոստիկանության գնդապետ, և նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։ Իսկ կրակոցներ արձակած Կ. Հունանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված և ազատ է արձակվել համաներմամբ, որն իր շրջապատում հայտնի է «Կոկո» մականվամբ։

 

--0—LՄ