«Օպտիմիստ եմ, դրա համար էլ շարունակում եմ լինել նախագահ»․ Արմեն Սարգսյանը Գյումրիում էր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այց Գյումրի է այցելել: Լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ ՀՀ նախագահն ասել է, որ Գյումրիում է տեսնելու Շիրակի երկարագիտական թանգարանին հատկացված շենքը և հասկանալ՝ ինչով կարող է օգնել ոչ որպես նախագահ, այլ որպես Արմեն Սարգսյան:

«Եվ որպես առաջին քայլ, ոչ թե որպես նախագահ, այլ որպես «Երևան, իմ սեր» ծրագրի միջազգային խորհրդի նախագահ, ուզում եմ ասել, որ խորհուրդը հաստատել է, որպեսզի բոլոր նախագծման աշխատանքները «Երևան, իմ սեր»-ը անի»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Քաղաքական հարցերին ՀՀ նախագահը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, թե 2 ժամով է եկել Գյումրի, ուզում է քաղաքականությունից կտրվել: Հետո մտափոխվել է և պատասխանել մի քանի հարցերի:

Հարցին՝ արդյոք ՀՀ նախագահը Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Արմեն Սարգսյանն ասել է․

«Սահմանադրության փոփոխությունը մտնում է Ազգային ժողով - կառավարություն հարաբերությունների մեջ: Երբ որ Ազգային ժողովը և կառավարությունը կհարցնեն իմ կարծիքը, կպատասխանեմ: Կարևոր չէ, թե Սահմանադրության այս կամ այն կետը ինչպես է․ կարող ես լավ ծառայել քո երկրին և՛ այս Սահմանադրությամբ, և՛ այն: Հարց կա՝ ո՞րն է ավելի լավ՝ նախագահակա՞ն համակարգը, թե՞ պառլամենտական: Լավ նախագահական համակարգը լավ է, լավ խորհրդարանական համակարգը նույնպես լավ է: Դրանցից որն էլ վերցնեն, եթե վատ է՝ չի աշխատի»,-ասել է ՀՀ նախագահը:

Հարցին՝ ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, երբ արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ գործող ԸՕ-ն հնարավորություն չի տալիս քաղաքական օրենսդիր մարմին ձևավորվել ու ձերբազատվել բիզնեսի ներկայացուցիչներից ու թաղային հեղինակություններից, Արմեն Սարգսյանն ասել է․

«Ես օպտիմիստ եմ, դրա համար էլ շարունակում եմ լինել նախագահ: Եթե ես տեսնեմ՝ մենք ուրիշ տեղ ենք գնում, բնական է, ի՞նչ իմաստ ունի՝ մասնակցեմ: Իմ մեջ կան ավելի դրական զգացումներ, ազատության զգացում: Այս բոլոր փոփոխությունները դրական են: Խնդիրը հետևյալն է, որ այդ դրական էմոցիան, որը զգացում է, վերածենք իրական արդյունքի: Բոլորս՝ միասին․ նախագահը մենակ չի կարող անել, ձեր հետ միասին»,-ասել է ՀՀ նախագահը: