5-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:

2018 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ իր որդին՝ ծնված 2013 թ., բժշկական կենտրոնում գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով, 2018 թվականի հոկտեմբերի 27-ին մահացել է:

Ըստ քաղաքացու հաղորդման՝ երեխայի մահը վրա է հասել բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի, սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: