Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

արցախ.ԱԺ

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ ձևավորելու նպատակով: Խորհրդակցությանը հրավիրվել է նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Այդ մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը։

ԱԺ նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, մարտի 6-ին Կիպրոսում հայտարարվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Շրջանակին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհրդի անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ:

«Շրջանակի հետ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու նատակով՝ անհրաժեշտ եմ համարում Արցախի խորհրդարանի հովանու ներքո կազմավորել Արցախում Կիպրոսի հետ բարեկամության շրջանակ»,-ընդգծել է Արթուր Թովմասյանը:

Հրապարակելով Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակի կազմը՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ այն կընդլայնվի և իր գործունեությամբ կնպաստի ինչպես Արցախի միջազգային ճանաչմանը, այնպես էլ՝ Արցախի և Կիպրոսի միջև գործնական հարաբերությունների սերտացմանը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը գոհունակության և երախտիքի խոսք է ուղղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին, արտաքին գործերի նախարարությանը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի և Կիպրոսի հանձնախմբերին՝ Կիպրոսում շրջանակի ստեղծման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:

--0-- ՍՊ