ԲՆ-ում քննարկվել են Նուբարաշենի աղտոտիչների արտահանման և ոչնչացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի իրականացման արդյունքների, հետագա ընթացքի վերաբերյալ։ 

Ինչպես տեղեկացնում են ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը հրավիրվել Էին նաև Ֆրանսիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլեիր լե Ֆլերերը, Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավար Կլաուս Վենտելբերգը։

Հանդիպմանը քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա 1053 տոննա առաջին կատեգորիայի կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների ոչնչացման տարբերակները: Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ներկայացրել է գերմանական և ֆրանսիական այն ընկերությունների ցանկը, որոնք մասնագիտացված են օրգանական թափոնների ոչնչացմամբ։ Վերջինս տեղեկացրել է, որ Նուբարաշենում առկա 4123 տոննա աղտոտված հողը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վնասազերծել տեղում:

Քննարկման արդյունքում առաջարկվել է՝ հաշվի առնելով Գերմանիայի և Ֆրանսիայի առաջադեմ փորձը և խորհրդային նախկին հանրապետություններից նմանատիպ գործընթաց կազմակերպելու փորձը, դեսպանատների միջոցով վերոհիշյալ երկրների կառավարությունների հետ դիտարկել 1053 տոննա աղտոտիչների արտահանմանը և ոչնչացմանն աջակցելու հնարավորությունները։