Աշխարհում 125 ծրագիր աշխատում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News      

կորոնավիրուս

Աշխարհում այս պահին գիտնականներն ու հետազոտողներն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ավելի քան 125 ծրագրերի վրա: Պատվաստանյութեր ստեղծելու համար սովորաբար պահանջվում են տարիներ, ինչպես նաեւ երկար ժամանակ կլինիկական փորձերի համար: Սակայն գիտնականները հույս ունեն, որ չափազանց մեծ վտանգ պարունակող այս վարակի դեմ չափազանց մեծ աշխատանքների արդյունքում պատվաստանյութը պատրաստ կլինի մինչեւ եկող տարի: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Մինչեւ պատվաստանյութի վերջնական հաստատումը, այն պետք է անցնի երեք փուլ: Սակայն կորոնավիրուսի վտանգի պատճառով առաջին վաղ փուլերը համատեղվել են, որպեսզի գործընթացն արագանա: Որոշ պատվաստանյութեր այժմ գտնվում են առաջին եւ երկրորդ փորձարկումների փուլում, այն փուլում, երբ դրանք փորձարկվում են հարյուրավոր մարդկանց վրա:

ԱՄՆ-ի կառավարության ‘’Կորագծի արագության գործողություն’’ անվանումը ստացած ծրագիրն ընտրել է պատվաստանյութերի հինգ նախագիծ, որոնց դաշնային բյուջեից հատկացնում է միլիարդավոր դոլարներ պատվաստանյութի հայտնաբերման աշխատանքներն իրականացնելու համար:

Աշխատանքները սկսվել են հունվար ամսին`SARS-CoV-2 գենոմի վերծանմամբ: Պատվաստանյութի անվտանգության հետ կապված առաջին փորձերն իրականացվել են մարտին, սակայն ճանապարհին անորոշությունները շատ են: Որոշ փորձարկումներ ձախողվում են, մյուսները տալիս են ոչ հստակ պատասխան: Հույսն այն է, որ դրանց մի մասը կարող են ամրացնել մարդու իմունային համակարգը, ինչը թույլ կտա օրգանիզմին արտադրելու համար այս վիրուսի դեմ արդյունավետ հակամարմիններ:

Որեւէ պատվաստանյութ ստեղծելուց հետո գիտնականներն այն տալիս են կենդանիներին, ինչպես օրինակ` մկներին կամ կապիկներին, տեսնելու համար, թե այն ազդում է արդյոք իմունային համակարգի վրա: Առաջին փուլի անվտանգության փորձարկումների ժամանակ այն տրվում է փոքր թվով մարդկանց խմբի, փորձելու համար դրա անվտանգությունն ու որոշելու չափաբաժինը, ինչպես նաեւ հասկանալու համար, թե այն որքան է ամրապնդում իմունային համակարգը:

Երկրորդ փուլի ընդարձակված փորձարկումների ժամանակ գիտնականները պատվաստանյութը տալիս են հարյուրավոր մարդկանց, նրանց բաժանելով մի քանի խմբերի: Օրինակ մի խմբում կարող են լինել երեխաները, մյուսում` տարեցները, քանի որ հարկավոր է հասկանալ, թե արդյոք այն տարբեր ազդեցություն չի գործում տարիքային տարբեր խմբերի մարդկանց վրա:

Ի դեպ, որոշ դեպքերում, գործընթացն արագացնելու նպատակով, համատեղվում են առաջին եւ երկրորդ փուլերը, եւ այն փորձարկվում է միաժամանակ ե՛ւ կենդանիների ե՛ւ մարդկանց վրա:

Երրորդ փուլի ժամանակ պատվաստանյութը տրվում է հազարավոր մարդկանց: Դրանից հետո հարկավոր է սպասել, տեսնելու համար, թե արդյոք նրանց շրջանում ավելի ուշ որոշ մարդիկ չեն վարակվում այդ հիվանդությամբ: Այս փուլում է, որ փորձարկումները տալիս են վերջնական պատասխան` այն կարող է մարդուն պաշտպանել կորոնավիրուսից, թե ոչ:

Հաստատման փուլում յուրաքանչյուր երկրի համապատասխան մարմինները ստուգում են փորձարկման արդյունքները, եւ կայացնում որոշում իրենց երկրներում այն թույլատրելու, կամ չթույլատրելու մասին: Սակայն նման արագ տարածվող համաճարակների դեպքում պատվաստանյութը կարող է ստանալ արագ թույլտվության իրավունք:

Ոչ քիչ կարեւոր տեղ են զբաղեցնում գենետիկական պատվաստանյութերը, նրանք, որոնք, օգտագործելով կորոնավիրուսի գեներից մեկը կամ երկուսը, ամրապնդում են օրգանիզմի իմունային համակարգը:

Նուբար Աֆեյանի գլխավորած Մոդերնա ընկերության պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսվելու է հուլիս ամսին: Ընկերությունը հույս ունի , որ պատվաստանյութը վերջնականապես պատրաստ կլինի 2021 թվականի սկզբին:

Իր պատվաստանյութը զարգացնելու նպատակով գերմանական BioNTech ընկերությունը սկսել է համագործակցել Նյու Յորքում գործող Pfizer ընկերության, ինչպես նաեւ` չինական դեղագործական Fosun Pharma ընկերության հետ: Pfizer-ը, որը մայիսին է իրականացրել փորձեր մարդկանց շրջանում, հյուս ունի մի քանի միլիոն չափաբաժին ստանալ արդեն աշնանը փորձարկելու համար:

Մայիս ամսին ամերիկյան Inovio ընկերությունը հրապարակեց մի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է ԴՆԹ-ի վրա հիմնված իր պատվաստանյութը հակամարմիններ արտադրում մկների օրգանիզմում: Անվտանգության փորձարկումներ են այժմ մարդկանց շրջանում սկսվել ԱՄՆ-ում: Հունիս ամսի վերջից փորձեր կանցկացվեն նաեւ Հարավային Կորեայում:

Լոնդոնի Imperial College-ի հետազոտողների խումբը ստեղծել է ինքն իրեն ուժեղացնող պատվաստանյութ, որն ավելացնում վիրուսային սպիտակուցների թիվը, որպեսզի ուժեղացվի իմունային համակարգը: Հունիսի 15-ին հաստատությունը սկսելու է փորձեր կենդանիների ու մարդկանց վրա միաժամանակ:

Դոնալդ Թրամփի վարչակազմը մարտ ամսին փորձեց Curevac ընկերությանը խրախուսել իր հետազոտությունները տեղափոխել Գերմանիայից Միացյալ Նահանգներ: Ընկերությունը դեռեւս փորձարկումներ չի իրականացրել մարդկանց շրջանում, սակայն կատաղության դեմ կիրառվող այս պատվաստանյութն առաջին փուլի փորձերը սկսել է դեռեւս հունվար ամսին: Ընկերությունը հայտնում է, որ հաստատվելու դեպքում ամեն տարի կարող է արտադրել մի քանի հարյուր միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

Այժմ այն պատվաստանյութերի մասին, որոնք օգտագործում են ինչ որ այլ վիրուս` կորոնավիրուսի գեները բջիջների մեջ փոխադրելու համար, որպեսզի այսպիսով զարկ տրվի օրգանիզմի իմունային համակարգին:

Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը, որը դեռեւս զարգացման փուլում է, հիմնված է շիմպանզեների ադենովիրուսի վրա, որը հայտնի է ChAdOx1 անվամբ: Պատվաստանյութն անցել է առաջին փուլը եւ սկսում է երկրորդ ու երրորդ փուլերը միաժամանակ: Փորձերն իրականացվում են Անգլիայում ու Բրազիլիայում: Օգտվելով ԱՄՆ-ի Կորագծային արագություն գործողության աջակցությունից, այն կարող է պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալ հոկտեմբերին:
Չինական CanSino Biologics-ը փորձարկում է մի պատվաստանյութ, որը հիմնված է Ad5 անվանումը կրող ադենավիրուսի վրա:

Բոստոնում գործող Beth Israel Deaconess Medical Center անվանում կրող կենտրոնում էլ գիտնականները փորձարկում են Ad26 անվանումը կրող ադենավիրուսի վրա հիմնված պատվաստանյութը կապիկների վրա: Johnson & Johnson ընկերությունը, որը ստանում է Կորագծային արագություն գործողության աջակցությունը, վերջերս հայտարարեց, որ փորձարկումների առաջին ու երկրորդ փուլերը կսկսի հուլիսի վերջին:

Կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելու աշխատանքներին են լծվել նաեւ շվեյցարական Novartis եւ ամերիկյան Merck ընկերությունները:

Սպիտակուցների վրա հիմնված պատվաստանյութերի նպատակն է կորոնավիրուսի սպիտակուցների միջոցով իմունային համակարգն ուժեղացնելը:

Այս ուղղությամբ աշխատող ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Novavax ընկերությունը սկսել է փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերը եւ ստացել 384 միլիոն դոլարի ներդրումներ:

Նույն եղանակով է ուսումնասիրություններն իրականացնում Clover Biopharmaceuticals-ը:

Փիթսբուրգի համալսարանի գիտնականներն աշխատում են PittCoVacc անվանումը կրող պատվաստանյութի վրա: Այս եղանակի համաձայն, շաքարից պատրաստված 400 փոքր ասեղներ են տեղադրվում մաշկի վրա, որոնք ձուլվելով, արտադրում են վիրուսային սպիտակուցներ մարդու օրգանիզմում:

Ֆրանսիական Sanofi ընկերությունը պատրաստվում է ստանալ վիրուսային սպիտակուցներ, օգտագործելով միջատների բջիջներում արհեստական կերպով ստեղծված վիրուսները: Նպատակն այդ եղանակով իմունային համակարգն ամրապնդելն է: Եթե փորձերը տան դրական պատասխան, ընկերությունն ամեն տարի կարող է արտադրել առնվազն 600 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

Vaxart-ի պատվաստանյութն իրենից ներկայացնում է դեղահաբ, որն ընդգրկում է վիրուսային մի շարք սպիտակուցներ: Ամերիկյան այս ընկերությունը պատրաստվում է առաջին փուլն իրականացնել այս ամռան ընթացքում:

Կա նաեւ պատվաստանյութի տեսակ, որն օգտագործում է թուլացված կամ ակտիվությունից զրկված կորոնավիրուս, իմունային համակարգը բարելավելու նպատակով: Նման պատվաստանյութ ստեղծելու աշխատաքներ են իրականացնում չինական Sinovac Biotech, Sinopharm , Medical Biology ընկերությունները:

Վերջին տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի կառավարությունը կֆինանսավորի փորձնական երեք պատվաստանյութերի ստեղծման աշխատանքները: Ինչպես երկրի վարակիչ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ավագ փորձագետ Էնթոնի Ֆաուչին է ասել, երրորդ փուլի փորձարկումները, այսինքն, երբ պատվաստանյութի փորձերին մասնակցում են հազարավոր մարդիկ, կսկսվեն հուլիս ամսին Նուբար Աֆեյանի ղեկավարած ‘’Մոդերնա’’, օգոստոսին` Oxford/AstraZeneca, սեպտեմբերին` Johnson & Johnson ընկերությունների կողմից:   --0—ՄՀ