ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News
Քննչական կոմիտեն FIP.am կայքի լրագրողի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության փաստի առթիվ քրեական գործ է հարուցել ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«20 օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը հրապարակեց յուր լրագրողի (Rafael Afrikyan-ի) և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել:
Քննչական կոմիտեն այդ դեպքով քր. գործ է հարուցել: Բայց ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով (որպեսզի պարզեր, թե իրականում ինչ է եղել), այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով (փաստացի՝ մեր լրագրողի դեմ):
Անգամ ՀՀԿ-ի 114 տնօրենների ձայնագրության հրապարակման ժամանակ նման բան չէր եղել:
Ավելին, խախտելով օրենքով սահմանված ժամկետները, առ այսօր քր. գործ չի հարուցվել Հրազդանում մեր դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դե դեպքով»: