Ուսման վարձը չմուծելու պատճառով դուրս են մնալու բուհից. ԼՀ պատգամավորը լուծում ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

աննա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ուսանողների ուսման վարձը մուծելու վերաբերյալ:

«Խնդիրը, որի մասին հիմա պետք է ստիպված այս ձևաչափով բարձրաձայնեմ, այսօր փակուղու առաջ է կանգնեցրել հարյուրավոր, գուցե հազարավոր ուսանողների։ Իսկ ինչո՞ւ եմ անորոշ թիվ ներկայացնում, քանի որ գրեթե վստահ եմ, որ բուհերի կողմից չկա հստակ ուսումնասիրություն, թե այս պահին COVID-19-ով պայմանավորված քանի՞ ուսանող է վարձավճարի պատճառով ստիպված դուրս մնալու բուհից, զրկվելու կրթության իր իրավունքից կամ քննության չմասնակցելու։

Քիչ չեն նամակները, որոնցով ուսանողներն ինձ դիմում են, որ այս պահին ծնողները զրվել են աշխատանքից, բանկերում վարկեր ստանալու հնարավորությունից, սոցիալական աջակցության շրջանակներում էլ հայտնի պատճառներով՝ ոչ բոլոր ուսանողներն են կարողացել ընդգրկվել, հետևաբար վարձն այս պահին չվճարելու պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չեն ունենալու։

-Ուզում եմ նաև հիշեցնել, որ #ՈՒՍԱՆՈՂԱԿԵՆՏՐՈՆ քաղաքականություն պետք է վարեր թե՛ կառավարությունը, թե՛ բուհերը, բայց կարծես հակառակն է տեղի ունենում։

Միևնույն ժամանակ, հանուն օբյեկտիվության, ասեմ, որ, ինքնաֆինանսավորման հանգամանքով պայմանավորված, բուհերը համատարած փոխհատուցումներ և զիջումներ գուցե չեն կարող թույլ տալ։ Սակայն մի շատ կարևոր հանգամանք, այնուամենայնիվ, պատահաբար, թե միտումնավոր, դուրս է մնում բոլորի ուշադրությունից․

-հեռավար կրթությամբ պայմանավորված՝ տուժել է նաև բուհական կրթության որակը, դասերը ոչ լիարժեքորեն են իրականացվել, ուսանողների մասնակցությունն էլ համապատասխանաբար նվազել է։

Ըստ այդմ, կոչ եմ անում. 

-բոլոր բուհերին հաշվի առնել պետության սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը, 

-վճարովի հիմունքներով սովորող՝ մասնավորապես դրական առաջադիմություն ցուցաբերող ուսանողների կրթության իրավունքի իրացման ձգտումը,

-յուրաքանչյուր բուհում իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու վճարովի հիմունքներով սովորող և սոցիալապես անապահով ուսանողների շրջանակը,

-փորձել ընդառաջ գնալ նրանց խնդրանքին՝ տարժամկետ եղանակով վարձավճարները վճարելու սկզբունքով, անհատական վճարման ժամանակացույց ու քարտեզ կազմելու տարբերակով ստանալ իրավունք մասնակցելու քննություններին և շարունակելու կրթությունը (սրա վառ օրինակը ԵՊԲՀ-ն է)»:

--0—LՄ