Կառավարությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2019- գործունեության կատարողականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Հունիսի 11-ին ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսում իրականացված միջոցառումների մասին. հիմնվել է 18 նախակրթարան,  5-6 տարեկան ևս 425 երեխա ներառվել է նախադպրոցական կրթության մեջ: Այս տարի կկառուցվի ևս 21 նախակրթարան: «Առաջին անգամ Երևանում 13000 երեխայի ընդունելությունը 1-ին դասարան իրականացվել է էլեկտրոնային համակարգի միջոցով, 50 տոկոսով կրճատվել է թերբեռնված/գերծանրաբեռնված 1-ին դասարան ունեցող դպրոցների թիվը: Ընդունվել է նախադպրոցական կրթության նոր օրենքը, որով ակնկալվում է ոլորտում էական փոփոխությունների իրականացում: Վերջին 10 տարում  առաջին անգամ 10 տոկոսով  բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը: 2020թ. հունվարի 1-ից ՀՀ մարզերի դպրոցների՝ աշխատելու և սովորելու նպատակով մի բնակավայրից մյուսը երթևեկող 3000 ուսուցչի և 1000 աշակերտի տրամադրվում է 3.5 անգամ ավելի փոխհատուցում: Ծրագրի համար 2020թ. նախատեսվել է 276 մլն դրամ, ընդգրկվելու են բոլոր մարզերը։ Covid-19 համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից կրթության  ոլորտն անցել է հեռավար ուսուցման, մասնակցությունը կազմել է 80 տոկոս: 2019թ. սեպտեմբերին Արագածոտնի մարզի բոլոր 117 դպրոցներն անցել են «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրին: Ապահովվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ:

Նախարարի խոսքով՝ 2019 թ. իրականացված ամենալավ ծրագրերից է Երևանի և ՀՀ մարզերի  բոլոր ավագ դպրոցների համալրումը բնագիտական առարկաների ժամանակակից սարքավորումներով և լաբորատորիաներով, որոնցից կօգտվի ավագ դպրոցների շուրջ 30.000 աշակերտ: Շահագործման է հանձնվել հիմնանորոգված 5 ավագ դպրոց մարզերում և Երևանում, մեկնարկել է 2-րդ փուլով 8 ավագ դպրոցի հիմնանորոգում: Պետբյուջեից առաջին անգամ միջոցներ են հատկացվել 6 դպրոցի՝ աղետներին արձագանքման կարողությունների մակարդակը բարելավելու համար: Բոլոր դպրոցների տարրական դասարաններում ներդրվել է ձեռնարկատիրական կրթության բաղադրիչը, վերապատրաստվել է 2498 ուսուցիչ, 10 դպրոցում ստեղծվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ: Մեկնարկել են հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, փոփոխման, մշակման աշխատանքները։

14 մարզային ուսումնարանների համար իրականացվել է շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, մի մասն արդեն ֆինանսավորվում է: Երևանի և մարզերի քոլեջներում 2019թ. սեպտեմբերից ներդրվել է 4 նոր մասնագիտություն, բոլոր տեղերը համալրվել են, այս տարվա սեպտեմբերից կներդրվի ևս 1-ը: 50-100 տոկոսի չափով փոխհատուցվել է սոցիալապես անապահով 2230 ուսանողի և սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի 917 ուսանողի ուսման վարձավճարը, գումարը կազմել է 654  մլն ՀՀ դրամ, որից 525 մլն դրամը՝ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար: Երևանում մեկնարկել է ԵՄ-Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրումը, որը նախատեսվում է ավարտել 2023 թ.: Հայագիտության ոլորտում ֆինանսավորման է երաշխավորվել 30 գիտական թեմա, 327 մլն դրամով ձեռք է բերվել նոր միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետր, որից օգտվում է ՀՀ 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպություն:

Մշակութային ծրագրերի շրջանակում նախարարն առանձնացրել է Կոմիտասի 150-ամյակին և Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ասպարեզում անցկացվել են բարձր մակարդակով: Աջակցություն է ցուցաբերվել մշակութային կրթության ոլորտի 12 ներառական ծրագրի, հիմնականում ՀՀ մարզերում: Հիմնվել է Երևանի Նորք ինտերնատի տարեցների «Տարմանի» թատերախումբը: Մշակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր տրամադրելու նոր կարգը, որը հնարավորություն է տալիս շահառուներին 2020թ. սկսած անվճար օգտվել մշակութային ծառայություններից: Ա. Հարությունյանի խոսքով՝ ամենահաջողվածներից են «Դասարան+Դասական» և «ԴասA» կրթամշակութային նախագծերը: Նախարարության ենթակայության թանգարանների այցելուների թիվը կազմել է 1.230.000, ինչը 18 տոկոսով ավելի է 2018թ. ցուցանիշից:  Արդյունավետ կյանքի է կոչվել «Քո արվեստը դպրոցում» նորարարական նախագիծը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել է «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ՀՀ հայտը:

Սպորտի բնագավառում արձանագրված արդյունքների առնչությամբ նախարարը նշել է, որ տարվա 10 լավագույն մարզիկներն առաջին անգամ միանվագ պարգևատրվել են 5.000.000-ական դրամով, պարգևատրումը շարունակական բնույթ է կրելու: Ավելացել են մարզիկներին տրվող պատվովճարների չափերը: 56 մարզական հաստատություն ստացել է 99 անուն մասնագիտական բազմակազմ մարզագույք՝ 200 մլն դրամի չափով: Մեղմացվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանները, որի շրջանակում աճել է վարկառուների թիվը, ավելացել են վարկավորման ծավալները:

Ա. Հարությունյանը, անդրադառնալով կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարմանը, նշել է, որ կառուցվածքային գործընթացներով և ռազմավարությունների մշակման գործընթացով պայմանավորված՝ որոշ միջոցառումներ մասնակի են իրականացվել: Դրանք առնչվում են ԿԳՄՍ գործունեության ոլորտի օրենսդրական փոփոխություններին, առկա կարգավորումների ներդաշնակեցմանը, նախատեսված բարեփոխումների արագ իրականացմանը և այլն:

Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ նախարարը պարզաբանումներ է ներկայացրել այս համատեքստում տարվող աշխատանքների վերաբերյալ, նաև զեկուցել ԿԳՄՍ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացի և ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է գերատեսչության առջև դրված խնդիրների և նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ միևնույն ժամանակ կարևորելով դրանց հետևողական, աստիճանական ընթացքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է, մասնավորապես, կրթության ոլորտի ռեֆորմին՝ ընդգծելով դրա առաջնահերթությունը: Այս համատեքստում քննարկվել է կրթական համապատասխան միջավայրի ստեղծման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման չափորոշիչների հարցը:  Վարչապետի դիտարկմամբ՝ ամբողջական հայեցակարգը պետք է մշակվի կրթության բովանդակություն-ուսուցման որակ-համարժեք ենթակառուցվածք փոխկապակցած շղթայի հիման վրա: Առանձնահատուկ կարևորություն ունի ուսուցիչների վերապատրաստումը, որը պետք է նպատակաուղղված լինի մասնագիտական զարգացմանը և ֆինանսական խրախուսմանը: ԿԳՄՍ պատասխանատուները վարչապետ Փաշինյանին են ներկայացրել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քննարկվել են նաև բարձրագույն կրթության, գիտության, մասնագիտական կրթության բարեփոխումները և անելիքները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև «Աշխատիր, Հայաստան» ծրագրի շրջանակում այս ուղղություններով իրականացվող նախաձեռնությունները: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ:

Վարչապետն ընդգծել է տարբեր գերատեսչությունների ռազմավարությունների հետ այս բնագավառների հայեցակարգերի ներդաշնակեցման կարևորությունը և հանձնարարել համատեղ աշխատել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կրթական համակարգերի զարգացման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ առաջիկայում քննարկում կազմակերպել շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--0--ԱՀ