Աբովյանի բժշկական կենտրոնը վերազինվել է գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

․

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 11-ին այցելել է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնում, որը վերազինվել է գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մարզպետն իր խոսքում բազմիցս է նշել, որ իր և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար առաջնային նպատակներից մեկն է՝ համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում: Եվ մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ևս մեկ ծանրակշիռ քայլ արվեց այդ ուղղությամբ:

Այսուհետ Աբովյանի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում կշահագործվի գերժամանակակից թվային ռենտգենաբանական սարքավորում: Սարքավորումը ձեռք է բերվել սեփական միջոցների և լիզինգային ծրագրի համաֆինանսավորմամբ։

Առողջապահական ամենատարբեր խնդիրների դեպքում մեր քաղաքացիները որակյալ սպասարկման և արագ ու ճշգրիտ ախտորոշման հնարավորություն կունենան:

Իսկ կորոնավիրուսային համավարակի այս օրերին նման սարքավորման շահագործումն առավել կենսական նշանակություն ունի:

Մարզպետը, փոխմարզպետ Ա.Ավետիսյանի և Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ա.Չիլինգարյանի հետ հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, ինչպես նաև շրջեց բուժկենտրոնի բաժանմունքներում:

Բժիշկների հետ համավարակի այս փուլի վերաբերյալ տարբեր մտքեր փոխանակեցին, փորձեցին հասկանալ առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Մարզպետը բուժաշխատողներին փոխանցեց անձամբ իր և մեր հարյուրավոր քաղաքացիների կողմից ստացվող երախտիքի խոսքերը: Մեր բուժախատողների մարտական ոգին ու նվիրվածությունը միայն հիացմունքի է արժանի:

Բուժկենտրոնի ղեկավարի հետ շրջեցին տարբեր բաժանմունքներով և ծանոթացան շենքի այն հատվածին, որի երկու հարկերում նախատեսվում է կենտրոնացնել ախտորոշիչ բաժանմունքն իր օժանդակ ծառայություններով: Քննարկեցին վերանորոգման և սենյակների վերաձևավորման նախնական տարբերակներ:

Մարզպետը նշեց, որ համավարակի վերջնական հաղթահարումից հետո արդեն կխոսեն կորոնավիրուսի տված դասերի, թույլ տված բացթողումների ու սխալների մասին, իսկ այս փուլում բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ՀՎԿԱԿ-ի մարզային կենտրոնն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը բարեխիղճ և հնարավորինս լավ են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները:

Նա ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն հայտնեց սպիտակ համազգեստով մեր առաջամարտիկներին, ովքեր ամիսներ շարունակ ուժերի գերլարումով պայքար են մղում բոլորիս կյանքերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

--0-- ԱՀ