Չնայած Թուրքիայի բոլոր կոչերին՝ ԱՄՆ-ն Սիրիայի քուրդ զինյալներին ահաբեկիչներ չի համարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ  Ջեյմս Ջեֆֆրին հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնը «Քուրդիստանի բանվորական»(ՔԲԿ-PKK) կուսակցությանը համարում է ահաբեկչական կազմակերպություն, այնուամենայնիվ Սիրիայի քրդական ուժերը (YPG) իրենց համար ահաբեկիչ չեն։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Ամերիկացի պաշտոնյան նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ  Թուրքիայի իշխանությունները Վաշինգտոնին կոչ էին արել չտարանջատել այդ երկու քրդական կառույցներին և Սիրիայի քուրդ զինյալներին նույնպես դիտարկել որպես ահաբեկիչներ։

Նախորդ օրը ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գրավոր հայտարարություն էր արել,որում պարգևատրում էր խոստացել նրանց, ովքեր ամերիկյան ղեկավարությանը տեղեկություն կտրամադրե  «Քուրդիստանի բանվորական» կուսակցության 3 պալագլուխների՝ գտնվելու վայրի մասին։

«PKK-ի հարցում մեր դիրքորոշումը հստակ է։  Իսկ YPG-ին մենք չենք համարում ահաբեկչական կազմակերպություն։ Մենք հասկանում ենք PKK-ի YPG-ի հնարավոր կապի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները և այդ իսկ պատճառով շատ ուշադիր ենք»,-ասել է Ջեֆֆրին։

Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությանը արդեն հասցրել է արձագանքել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնակատար Նուման Քուրթուլմուշը։ Սիրիայի քրդական ուժերին ահաբեկչական չճանաչելը Քուրթուլմուշը որակել է որպես «երկերեսանիություն» ԱՄՆ-ի կողմից։

Թեմային է անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա Ջեֆրիի արած հայտարարությունը որակել է «երկակի ստանդարտների» դրսևորում։ Քալընի խոսքերով՝ ԱՄՆ աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին հավասարազոր է PKK-ին աջակցելուն։ Նա ամերիկյան  ղեկավարությանը կոչ է արել ահաբեկիչներին չտարանջատել «լավերի և վատերի»։