Կան շերտեր, որոնք զգալով իրենց ունեցվածքը կորցնելու վտանգը, անիրական լուրեր են տարածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

հասարակական

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցնե՛ր, ողջ աշխարհը ընկղմվել է թագավարակային ճգնաժամի մեջ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ունենք հազարավոր վարակվածներ և հարյուրից ավելի մահեր: Ստեղծված իրավիճակում ստիպված ենք ապրել ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում, որն իրավացիորեն համեմատվում է պատերազմական դրության  հետ: Պատմականորեն ձևավորված բոլոր օրհասական պահերի նման հայ ժողովրդը հիմա նույնպես պարտավոր է դրսևորել բարձր ինքնագիտակցություն և կազմակերպվածություն՝ անվերապահորեն կատարելով պարետատան կողմից հաստատված համավարակի կանխարգելման բոլոր պահանջները: Մեզ բոլորիս համար ակնհայտ է տվյալ իրավիճակում ամուր պետականության բացառիկ կարևորությունը, իշխանությունների շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, որը ջանք չի խնայում չարիքի դեմ պայքարի միջոցառումները պատշաճ իրականացնելու համար:

Ցավոք  մեր հասարակության մեջ առկա են շերտեր, որոնք դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից և զգալով,  իրենց  անհայտ ծագումնաբության  հսկայական ունեցվածքն ու ֆինանսական միջոցները կորցնելու մոտալուտ վտանգը, անիրական լուրեր են տարածում՝ թերագնահատելով թագավարակի վտանգավորության աստիճանը, թուլացնում մարդկանց զգոնությունը՝ նպատակ ունենալով հասարակության մեջ  առաջացնել որոշակի դժգոհություններ և այդ ալիքի վրա հագուրդ տալ իրենց քաղաքական ամբիցիաներին:

Ռամկավար Ազատական կուսակցությունը գտնում է, որ ցանկացած քննադատություն իշխանությունների հասցեին, որն ունի իրական հիմքեր, պետք է  դրվի լայն քննարկման և ենթարկվի մանրակրկիտ վերլուծության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սատարել շտկելու բացթողումները:

Հիմնվելով  նման ներքաղաքական  գործելակերպին Ռամկավար ազատական կուսակցությունը, որպես հեղափոխությանն աջակցած և նրա արժեքների համար պայքարած ու հաղթանակած կուսակցություն կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը այս օրհասական պահին սատար կանգնել մեր երկու ինքնիշխան պետությունների գործող իշխանություններին»: 

--0--ԿԿ