«Մեկ Հայաստանը» COVID-19-ի դեմ պայքարը տապալելու հաղորդում է տվել դատախազություն և ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցությանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրեական գործ հարուցելու միջնորդությունը հունիսի 12-ին պաշտոնապես ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։

«Սույն հաղորդման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում օրեցօր ուժգնացող COVID 19 համավարակի դեմ ՀՀ իրավասու մարմինների կողմից վարվող, մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգին ոչ համարժեք և ակնհայտ կործանարար գործողությունները, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկային զոհերի, և երկրի համար  առաջացրել են ծայրահեղ ծանր հետևանքներ։

Ուսումնասիրելով 2020թ. հունվարից մինչ այժմ ՀՀ իշխանությունների կողմից համավարակի դեմ վարվող պայքարի իմիտացիոն գործողությունները, հիմնավոր և ողջամիտ կասկածներ են առաջացել առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և առողջապահական ոլորտի այլ պատասխանատուների հետ, դիտավորյալ և միտումնավոր նվազեցրել է համավարակի իրական վտանգավորությունը, մահաբերությունը, տարածման իրական ծավալներն ու տեմպերը և վարակակիրների իրական թիվը:

Հանդիսանալով մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձիք, ՀՀ վարչապետն ու առողջապայության նախարարը, իրենց հրապարակային ելույթներում բազմաթիվ անգամ և պարբերական հաճախականությամբ հնչեցրել են մահաբեր համավարակի վերաբերյալ չստուգված, չհիմնավորված, չապացուցված և, ինչպես պարզվեց հետագայում՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի հետևանքով հասարակության լայն շերտերի մոտ ձևավորվել է կորոնավիրուսի վտանգավորության մասին աղավաղված և սխալ պատկերացում:

Տարված լինելով ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու խմբային գերակա շահի բավարարման, այն է` նշանակված հանրաքվեն ամեն գնով անցկացնելու մղումով, և այդ եղանակով սեփական քաղաքական ուժի դիրքերն ամրապնդելու շարժառիթով, իրենց պաշտոնեական դիրքը հասարակության և պետության շահերին հակառակ օգտագործելով, հասարակության շրջանում նոր կորոնավիրուսով պայմանավորված սըրընթաց աճող տագնապը չեզոքացնելու, վտանգավորությունը նվազեցնելու, բնակչության շրջանում զգուշավորությունն ու աչալրջությունը թուլացնելու, զգոնությունը թմրեցնելու միջոցով արդյունավետ քարոզ­արշավ անցկացնելու և հանրաքվեին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու շարժառիթով, ինչպես անձամբ, այնպես էլ վարչական տարաբնույթ լծակ­ների օգտագործմամբ, աղավաղել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող իրական փաստերի ու երևույթների վերաբերյալ տեղեկությունները, որը հանգեցրել է հարյուրավոր մարդկային մահերի,  և ծայրահեղ ծանր վնաս է պատճառել պետության շահերին։

Այսպես․

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում են»:

«Իմ քայլը» խմբակցության կողմից մշակված Սահմանադրության փոփոխութ­յուն­նե­րի նախագիծը, նախատեսում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նա­խա­գահի և այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել էին մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները:

2020թ․ փետրվարի 9-ին  ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է  2020թ․ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը։

Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին ՀՀ իշխանությանն անհրաժեշտ էր մոբիլիզացնել հասարակությանը։ Սակայն, հաշվի առնելով, որ հասարակական լայն զանգվածների ընկալման մեջ հանրաքվեի բովանդակությունն այդքան էլ արդիական և ընկալելի չէր, և, հասկանալով, որ հեշտ չի լինելու լուծել հասարակության մոբիլիզացման խնդիրը, երկրի ղեկավարությունը պետք է կարողանար բացատրել հասարակությանը և հիմնավորել, որ հարցը ոչ միայն և ոչ այնքան Սահմանադրական դատարանն է, այլ 2018թ-ի «թավշյա հեղափոխության» արդյունքների ու գաղափարների ամրագրումը, որպիսի պայմաններում հնարավոր կլիներ  քվեարկության ժամանակ ապահովել բավարար ակտիվություն։ (Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր առնվազն 650 հազար մարդու մասնակցություն, հետևաբար ընդդիմության համար բավական էր քաղաքացիներին հետ պահել քվեարկությանը մասնակցելուց)։

Վերը շարադրված քաղաքական նպատակին հասնելու խմբային շահերից ելնելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգտվելով հասարակության լայն շերտերում դեռևս ունեցած անձնական վստահությունից և վարկանիշից, որոշեց անձամբ մասնակցել 2020թ․ փետրվարի 17-ից մեկնարկող քարոզարշավին՝ անտեսելով արդեն իսկ աշխարհով մոլեգնող նոր կորոնավիրուսի համաճարակի զարգացման տեմպերն ու աշխար­հա­գրութ­յունը։ (2020թ․ հունվարի 30-ին առողջապահական համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչեց որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ

Այդ իսկ պատճառով քարոզչական բնույթ կրող բազմամարդ զանգվածային միջոցառումներ, հավաքներ, նախընտրական հանդիպումներ կազմակերպելու, և, ի վերջո 2020թ․ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն չտապալելու և դրան հնարավորինս շատ մարդկանց մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ էր նվազեցնել գրեթե ողջ հասարակության մոտ օրեցօր ավելացող՝ նոր կորոնավիրուսի հետ կապված խուճապն ու տագնապը, որի նպատակին հասնելու համար գործող իշխանության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գործի դրվեց ողջ պետական քարոզչական ապարատը։

Այսպես․

2020թ․ փետրվար-մարտ ամիսների ընթացքում կայացած մամլո ասուլիսների, ճեպազրույցների, Facebook-յան ուղիղ եթերների, կառա­վա­րութ­յան նիստերի, ԱՅՈ-ի քարոզարշավի շրջանակներում բնակչու­թյան հետ հան­դի­պումների ընթացքում, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող դեպքերի, իրադարձությունների, փաստերի և երևույթների վերաբերյալ ՀՀ բնակչությանը հավաստի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, առողջապահության ոլորտի համար պատասխանատու բազմաթիվ այլ պաշտոնյաների կողմից թաքցվեց և աղավաղվեց մարդկանց կյանքի և առողջության համար ծայրահեղ վտանգ սպառնացող՝ նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունը։

Վերը թվարկված պաշտոնատար անձինք, անտեսելով ԱՀԿ-ի նախա­զգու­շա­ցում­ներն ու պահանջները, համաճարակի տարածումը կանխելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, նախնական համաձայնության գալով, իրենց գործողություններով ու քայլերով.

  • էականորեն նվազեցրել են նոր կորոնավիրուսի վտանգավորության և մահա­բե­րութ­յան վերաբերյալ հավաստի տեղեկությունները, վիրուսը, ինչպես նաև դրա հետևանքները պարզապես համեմատելով սովորական սեզոնային շնչառական գրիպի հետ;
  • Քարոզել են, որ մարդկանց տեղաշարժը սահմանափակելու, երկրի սահմանները փակելու, կրթական, արդյունաբերական և այլ հիմնարկների գործունեությունը դա­դա­րեցնելու, խուճապի մատնվելու և առհասարակ անհանգստանալու կարիք չկա;
  • Բնակչության մոտ հավատ ներշնչելու նպատակով, ապատեղեկատվության տա­րած­ման գործընթացներին հաճախ մասնակից են դարձրել իրենց ընտանիքի ան­դամ­ներին;
  • Ծաղրել և նսեմացրել են նոր կորոնավիրուսը և դրա համաճարակի իրական վտանգը;
  • Իրենց կողմից վարվող՝ նոր կորոնավիրուսի վտանգավորության վերաբերյալ տեղեկատվությունն առերևույթ թաքցնելու, ինչպես նաև այն աղավաղելու նպատակով ընտրովի հղումներ են կատարել ԶԼՄ-ներոում տեղ գտած միայն այն հոդվածներին և մասնագիտական կարծիքներին, որտեղ դարձյալ նվազեցված էր կորոնավիրուսի վտանգավորության և մահաբերության վերաբերյալ տեղեկատվությունը և այլն։

Հարկ է նշել, որ 2020թ. մարտի 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց  Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի գրանցման մասին: Նույն օրը <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության վարչությունը որոշում կայաց­րեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ առաջնորդվելով կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության հորդորներով:

Սակայն հենց մարտի 1-ից, Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի անդամների հետ միասին, անտեսելով ՀՀ Առողջապահության նախարարության հորդորները, անձամբ սկսեց ակտիվորեն քարոզչական աշխատանք տանել Երևան քաղաքում՝ որի ընթացքում բնականաբար առաջանում էին մարդկանց բազմաքանակ կուտակումներ, ինչն ուղղակիորեն հակասում էր համաճարակի պայմաններում կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հորդորներին։

Դեռ ավելին․ 2020թ. մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսին շնորհեց առավելագույն վտանգավորության աստիճան` հայտարարելով համաշխարհային պանդեմիայի մասին:

Սակայն նշված հանգամանքը ևս չսթափեցրեց ամեն գնով սահմա­նա­դրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնելու մոլուցքով տարված Նիկոլ Փաշինյանին, և նա մարտի 11-ից 13-ն ընկած ժամա­նակահատվածում` քաղաքական խմբային շահերից ելնելով, անտեսելով ԱՀԿ-ի, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև միջազգային առող­ջա­պա­հական հանրույթի պահանջներն ու հորդորները` ԱՅՈ-ի քարոզարշավի շրջա­նակ­ներում բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Գորիսում, Տաթևում, Գո­րայքում, Զերմուկում, Զառիթափում, Վայքում, Մալիշկայում, Եղեգնաձորում և Արե­նիում, որոնց ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ առանց որևէ պաշտպանիչ միջոցների խմբվում էին բեմերի շուրջ՝ և ժամերով լսում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների քարոզչական ելույթները։ 

Վերը շարադրվածի վերաբերյալ փաստական տվյալները գրեթե ամբողջությամբ զետեղված են մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի Facebook-յան պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Մասնավորապես.

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող ԱԹորոսյանը, ով Facebook հարթակում ունի շուրջ 220000 հետևորդ, սթ փետրվարի 23-ի առավոտյան,  Facebook–յան ուղիղ եթերով դիմելով բնակչությանը հայտնել է հետևյալ տեղե­կատ­վությունը, ավելի ճիշտ՝ ապատեղեկատվությունը (տեսագրությունը զետեղված է ԱԹորոսյանի Facebook–յան պաշտոնեական կայքէջում)։

/5։25-ից սկսած/ ․․․ <Կորոնավիրուսը ավելի վտանգավոր չէ, քան սովորական սեզոնային գրիպը։ Սա, իհարկե, չի նշանակում որ մենք և ամբողջ առողջապահական հանրույթը չպետք է պայքարի նոր վիրուսների դեմ, բայց դրա հետ մեկտեղ զուգահեռ պետք է ճիշտ ինֆորմացիոն քաղաքականություն տարվի, որ մարդիկ հասկանան, որ սա մեր, երբեմն, երիտասարդ ժամանակ հոլիվուդյան ծանր կինոների մեջ երևացող համաճարակը չէ․․․։ Նոր կորոնավիրուսի մահացության աստիճանը կազմում է 1-4 %, որը մոտավորապես նույնն է, ինչ որ գրիպի որոշ շտամերի դեպքում։ Այսինքն, ստեղծել էս նոր կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատրելի է, կարծում եմ, տեղին չէ, քանի որ հնարավոր են ծանր դեպքեր, բայց ոչ ավելին քան սովորական գրիպի դեպքում։ >

<․․․․Եթե չեմ սխալվում երեկվա դրությամբ Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 դեպք և 6 մահ, բայց օրինակ նույն Իտալիայում կա 78 դեպք, կան դեպքեր Լիբանանում, Իսրայելում, Իրաքում, Հարավային Կորեայում, որտեղից ես երեկ վերադարձել եմ, Ճապոնիայում , որտեղից էլի մեր բազմաթիվ քաղաքացիներ են երեկ վերադարձել նույն ինքնաթիռով։ Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորափոխադրումները և իմաստ էլ չկա։>

<․․․․Ինչա անում առողջապահական միջազգային հանրույթը կամ ընդհանրապես պետությունները նման հիվանդությունների դեմ պայքարում։ Կան աշխատող և չաշխատող գործիքներ և ի զարմանս Ձեզ պետք է ասեմ, որ մարդկանց տեղաշարժի սահմանափակումներն այդքան էլ աշխատող գործիքներ չեն նման հիվանդութ­յունների դեմ պայքարում, որովհետև չի կարող աշխարհը պարզապես կանգնել և բոլոր պետությունները փակեն իրենց բոլոր սահմանները, որպեսզի այդ հիվանդությունը մեկը մյուսին չանցնի։ ․․․․Խնդրում և կոչ եմ անում հետևել միայն պաշտոնական լրահոսին, մենք որևէ միտում չունենք որևէ բան թաքցնելու մեր քաղաքացիների առողջությունը վտանգի տակ դնելու, սակայն պետք է առնվազն վտանգները գնահատվեն օբյեկտիվ չափանիշներով և ոչ թե որևէ մեկի կամ մի խումբ անձանց թեկուզ մեր հարգելի քաղաքացիների բարձր ձայնի հիման վրա միայն, որ եթե ինչ-որ մեկը բղավում է սահմանները փակեք ուրեմն պետք է փակենք, ուրեմն դա է ամենա ճիշտ ճշմարտությունը, դա այդպես չէ։>

<․․․․․Ձեզ բարի օր եմ մաղթում, հետևեք մեր պաշտոնական հա­ղոր­դա­գրութ­յուն­ներին, դրանք միտված են մեր բոլոր քաղաքացիների և մեր պետության շահերը պաշտ­պանելուն։ Անհոգ եղեք։>

Նիկոլ Փաշինյանը, հանդես գալով պետության ղեկավարի դիրքերից իր հերթին, հրապարակային ելույթներում անդրադառնալով կորոնավիրուսի սպառնացող վտանգներին, բազմիցս համեմատել է այն սեզոնային շնչառական գրիպի հետ, և հայտարարել, որ առանձնապես խուճապի մատնվելու կարիք չկա, և հասարակության հնարավորինս լայն զանգվածների մոտ համոզմունք ստեղծելու նպատակով, հումորի տեսքով՝ ժողովրդական խոսքով հայտարարել է, թե կորոնավիրուսը հնարավոր է բուժել անգամ թեյ, սուրճ խմելով, թթի օղի օգտագործելով, կորոնավիրուսն ում շունն է, որ դրանից վախենանք և այլն։

ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածը պատասխանատվություն է սահ­մանում մարդ­կանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հան­գա­մանքների  վերաբերյալ տեղեկություն թաքցնելու կամ աղավաղելու համար, որը կատարվել է բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից։

Նշված հանցագործության անմիջական օբյեկտն է հանդիսանում բնակչության առողջության պաշտպանությանն ուղված հասարակական հարաբերություններն, ինչպես նաև քաղաքացիների՝ հավաստի տեղեկատվություն ունենալու սահմա­նա­դրական  իրավունքը։

Տեղեկություն թաքցնելու տակ, ի թիվս այլ դրսևորումների, նա­խա­տեսվում  է մարդ­կանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրա­դար­ձութ­յունների փաստերի կամ երևույթների վերաբերյալ, դրանք բնակչությանը հայտնելու և իրազեկելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված տեղեկութ­յունը չհայտնելը կամ դիտավորությամբ ուշ հայտնելը, երբ արդեն հնարավոր չէ ազդել մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի իրադարձությունների զարգացման ընթացքի վրա։

Տեղեկություն աղավաղելը դրսևորվում է մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների փաստերի կամ երևույթ­ների վերաբերյալ կեղծ, իրականությանը չհամապատասխանող կամ ոչ լրիվ տեղեկություն տալով, նշված իրադարձությունների ոչ ճիշտ գնահատական տալով կամ դրանց զարգացման վերաբերյալ ոչ ճիշտ կանխատեսում կատարելով։ Ընդ որում քննարկվող հանցակազմը ձևական է, այսինքն հանցագործությունը ավարտված է համարվում նշված տեղեկությունը թաքցնելու կամ աղավաղելու պահից՝ անկախ հետևանքներից, մինչդեռ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից դրսևորած առերևույթ հանցավոր արարքներն արդեն իսկ հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան և շարունակում են խլել նոր մարդկային կյանքեր, տասնյակ հազարավոր մարդիկ վարակվել են նոր կորոնավիրուսով, իսկ երկրի առողջապահական, սոցիալ-տնտեսական և դրանից բխող բազմաթիվ այլ ոլորտներ հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ 

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը պատասխանատվություն է նա­խա­տե­սում պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվա­ծութ­յունից կամ խծմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար։

Այսպիսով, գտնում եմ, որ տվյալ պարագայում առկա են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կամ առնվազն՝ դրանք անցնելու, ինչպես նաև մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու և աղավաղելու առերևույթ հանցակազմի տարրեր։

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի` քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները:

Սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար:

Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում»:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մաuին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել սույն հաղորդման մեջ ներկայացված փաստերը, հարուցել քրեական գործ և բացահայտել հանցագործության կատարման մեջ մեղավոր անձանց ողջ շրջանակը։

Հարգանքով`

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Ա․Ղազինյան»,- ասված է հաղորդման տեքստում։ --0—ՄՀ