Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել է տուն, վիճակը ծանր է․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

հասարակական

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է տուն: 24News-ին այդ մասին տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Ընդամենը կոնսերվացրել են Գրիգորյանի հիվանդությունները, դիաբետիկ դեղամիջոցներ են տվել։ Այս պահին վերակենդանացման սարքավորումներով տանը մեկուսացվել է, բժիշկների հսկողության տակ է», - ասաց պաշտպանը։

Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխվելու օրը Մանվել Գրիգորյանի մոտ սրտի կանգ էր արձանագրվել, ջերմությունը նվազել էր մինչև 32 աստիճան։ Նրա խոսքով՝ այս պահին կրիտիկական վիճակը Մանվել Գրիգորյանի մոտ կարգավորվել է, վիճակը համեմատաբար կայուն է։ 

«Առողջապահության նախարարությանը ներկայացրել ենք հիվանդությունների բացասան դինամիկան, նաև ներկայացրել ենք Ֆրանսիայի բուժհաստատության համաձայնությունը, որ Գրիգորյանն այնտեղ շարունակի բուժումը։ «Նաիրի» ԲԿ-ի բժիշկները ևս արձանագրել են, որ Հայաստանում բուժումն այլևս հնարավոր չէ։ Առողջապահության նախարարին առաջարկել ենք, որ որոշում կայացնի, անգամ առաջարկել ենք, եթե նոր կոնսիլիումի կարիք կա, հրավիրենք, բայց այդ մասով ևս պատասխան չենք ստացել։ Այս ամենից եզրակացնելով՝ կարող ենք ասել, որ բացասական պատասխան կլինի նախարարությունից», - նշեց պաշտպանը և հավելեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ խոշտանգումը շարունակվում է։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 9-ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։ 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ