Իրանում հայկական եկեղեցու տարածքում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

հասարակական

Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի հայկական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը չի վնասել եկեղեցու պատմական շինությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Alikonline.ir-ը, վկայակոչելով ԻՍՆԱ լրատվական գործակալության տվյալները:

Հունիսի 12-ին՝ ժամը 00:14-ին, եկեղեցու հարակից տարածքում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացել Համադան քաղաքի թիվ 18 հրշեջ կայանը: Դեպքի վայր են մեկնել նույն կայանի աշխատակիցները, ինչպես նաև Համադանի կենտրոնական հրշեջ ծառայության փրկարարները, որոնց էլ հաջողվել է մեկուսացնել բռնկված հրդեհը՝ 1 ժամ տևողությամբ հրդեհաշիջման աշխատանքներից հետո:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքների սահուն իրականացումը, և դրա արդյունքում պատմական շինությանը վնասներ չհասցվելու փաստը պայմանավորված է փրկարարական թիմերի արագ արձագանքման և գործողությունների հրատապ կազմակերպման իրողությամբ:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ հրդեհի առաջացման պատճառը հարակից խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհն է եղել, որն էլ տարածվել է՝ հասնելով եկեղեցու շինությանը, որի արդյունքում մասամբ այրվել է եկեղեցու ֆասադը, սակայն ոչ պատմական շինությունը:

--0-- ՍՊ