Դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը. «Հայրենիք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

հայրենիք

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջ տան խուզարկությանը: 

«Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն:

Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը: Ազգային ժողովի ընդդիմադիր ուժի ղեկավարի վարկաբեկման արշավի և բացահայտ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը: Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է:

Մենք անվերապահորեն դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը և հայտարարում, որ սին են քաղաքական կյանքը պատժիչ գործողություններով կասեցնելու վարչախմբի հույսերը: Իրավիճակից մեկ ելք կա` ռեալության զգացողությունը կորցրած Փաշինյանի անհապաղ հրաժարականը և ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը», - ասված է հայտարարությունում։

--00—ԼՄ