6 ամսվա նախարար Մակունցը ոչ մի անգամ հետս չի հանդիպել. Թովմաս Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 9, 24News

Thumbnail

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դժգոհ է մշակույթի նախարարության աշխատանքից։ Այդ մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 9-ին, 24News-ի հետ զրույցում։

«Անցյալում քրքրվեցինք մշակույթի նախարարության ձեռքին, հույս ունեինք՝ հիմա լավ է լինելու, բայց ապարդյուն»,- ասաց Թովմաս Պողոսյանը։

Նա մամուլում ահազանգել էր՝ Արցախում «Սայաթ-Նովա» անսամբլի բարեգործական համերգի համար դիմել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ և վերադառնան, սակայն ստացել է պատասխան՝ «Դուք ուշ եք դիմել»:

Ավելի ուշ Թովմաս Թողոսյանի ահազանգին պատասխանել էր մշակույթի նախարարը՝ նշելով, որ չնայած ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առնչությամբ կայացվել է դրական որոշում, սակայն այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել այն, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ:

Թովմաս Թողոսյանն ասաց, որ դեռ երեք-չորս ամիս առաջ դիմել է նախարարին՝ խնդրելով գումար հատկացնել Ռուսաստան մեկնելու, այնտեղի հայաշատ քաղաքաներում բարեգործական համերգներ կազմակերպելու համար։

«Ինձ զանգեցին, ասացին, որ մեկ միլիոն դրամի սահմանում կարող են օգնել այն դեպքում, երբ 6500 դոլար միայն ավտոբուսի վարձն է՝ Ռուսաստան գնալու, մեկ ամիս պտտվելու ու վերադառնալու համար։ 25- հոգանոց անսամբլը մեկ ամիս հո փողոցում չէր քնելու։ Ընդամենը մեկ միլիոն դրամ է հատկացնում, որ հայության համայնքներում շրջեմ և նրանց հայ պահեմ։ Քանի որ ֆինանսական այդ միջոցները հնարավոր չեղավ հայթայթել, զանգահարեցի մշակույթի նախարարություն, խնդրեցի՝ Ռուսաստանը փոխել, դարձնել Արցախ։ Ասացին՝ խնդիր չկա, նամակ գրեք»։

Պողոսյանի խոսքով՝ նախարարություն դիմել է Արցախ մեկնելուց 5 օր առաջ, որին ի պատասխան ասել են, թե ուշ է։

«Չէ՞ որ ես գնում էի բանակին խրախուսելու՝ անվարձ, անփող։ Գնում էի ծառայելու։ Համբերությունս հատել է․ տարիներ շարունակ աշխատում ենք, ոչ մի պետական պատվեր չի եղել։ Կառավարական համերգներ են անում պետական մեծ տոներին, բայց ոչ Թաթուլ Ալթունյանի անվան փառավոր անսամբլին են հրավիրում, որին ազգի մեծերը Հայաստանի անձնագիր էին կոչում, ոչ մեզ են հրավիրում։ Ովքե՞ր են Հայաստանի անձնագրերը՝ կապիկնե՞րը, որ միայն թռչկոտում են բեմում»,- վրդովված նշեց «Սայաթ-Նովա» անսամբլի ղեկավարը։

Նրա խոսքով՝ երգի ասպարեզում Հայաստանն ունի երկու ժողովրդական արտիստ՝ Ռուբեն Մաթևոսյան և Թովմաս Պողոսյան։ Արվեստագետը չգիտի՝ Մաթևոսյանին հրավիրե՞լ են, թե՞ ոչ, բայց ընդգծում է՝ վեց ամիս է անցել, ինչ Լիլիթ Մակունցը նախարար է նշանակվել, սակայն առ այսօր իրեն չի զանգահարել ու զրույցի չի հրավիրել։