Երևանում դանակահարված, ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են 20 և 21-ամյա տղաներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

դանալ

Հունիսի 15-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Ռազմիկ Մարդանյանը և Երևանի բնակիչ, 21-ամյա Թովմաս Հովհաննիսյանը։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ նրանք դանակահարվել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում։

--00—ԼՄ