Թուրքիայի ոստիկանությունը շրջափակել է քրդամետ կուսակցության Վանի նահանգային կառույցի շենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

Թուրքիա

Թուրքիայում տասնյակ ոստիկաններ շրջափակման են ենթարկել երկրում  ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Վանի նահանգային կառույցի շենքը։ Ոստիկաններն արգելել են կուսակցության Վանի ավագանու անդամներին և կուսակցության շրջանային ղեկավար կազմին մուտք գործել շենք։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բացի կուսակցության անդամներից նշյալ տարածքից հեռացրել է բոլորին։

Ոստիկանությունը, որպես շրջափակման պատճառ, ներկայացրել է կուսակցության նահանգային գրասենյակում հունիսի 14-ին տեղի ունեցած հանդիպումը։

Հունիսի 15-ին Հաքքարի և Էդիրնե շրջաններից մինչև մայրաքաղաք Անկարա մեկնարկած «Հեղաշրջման դեմ ժողովրդավարական երթի» համար նախօրեին Վան էին այցելել կուսակցական գործիչներ, այդ թվում կուսակցության համանախագահներից Միթհաթ Սանջարը։ Նրանք այցելել էին կուսակցության նահանգային գրասենյակ և հրապարակել հանդիպման տեսաձայնագրությունները։

Նշվում է, որ Վանի նահանգապետարանը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունիսի 13-ին հայտարարել էր Վան քաղաքի ելումուտն արգելելու մասին։ Սակայն աղբյուրի հաղորդմամբ՝ այն կապ ունի Վանում կուսակցության հնարավոր քայլերթը խոչընդոտելու հետ։ 

 --0—ՄՀ